16 նոյեմբերի 2018 - 16:58 AMT
Քոչարյանի ինքնակենսագրականն արդեն վաճառքում է

Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» ինքնակենսագրական գիրքն արդեն վաճառքում է. այն գրքի առցանց խանութներից մեկում վաճառվում է 489 ռուսական ռուբլով (3594 դրամ):

Գիրքը ներկայացնում է Քոչարյանի կյանքն ու քաղաքական գործունեությունը: Առանձին գլուխներ են նվիրված Արցախում և Հայաստանում նրա նախագահության տարիներին, Ղարաբաղյան պատերազմին և ԽՍՀՄ փլուզմանը, Հոկտեմբերի 27-ի և Մարտի 1-ի ողբերգություններին, մասնավոր կյանքին, ինչպես քաղաքականություն մտնելուց առաջ, այնպես էլ նախագահության ավարտից հետո:

Ի դեպ, առցանց խանութը, Քոչարյանի գիրքը գնելու դեպքում, անվճար առաջարկում է անգլիացի հոգեբույժ Փիթեր Ուայբրոյի մասնագիտական աշխատություններից մեկը՝ PDF ձևաչափով:

Նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու միջնորդությունը. միևնույն ժամանակ մերժել է Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը: Օրինական ուժ է ստացել առաջին ատյանի դատարանի որոշումը, գործն ուղարկվել է Վերքննիչ դատարան՝ Քոչարյանի խափանման միջոցը նորից քննելու համար: