Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանին հաջողվել է հասնել խոսքի ազատության բարձրագույն չափանիշի, ապահովել արտահայտվելու և հավաքների ազատությունը:
Դեսպանը հույս է հայտնել, որ առաջիկայում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում կհաջողվի նվազագույնի հասցնել ատելության խոսքը, քանի որ «այն սպանում է ժողովրդավարությունը, բացասական ազդեցություն ունի քաղաքական մշակույթի վրա»։
«Մենք հույս ունենք, որ այս ընտրությունների արդյունքում Հայաստանին կհաջողվի հասնել քաղաքական մշակույթի բարձրագույն ստանդարտի», - ասել է Սվիտալսկին:
Խոսելով քաղաքական գործիչների մասին՝ Պյոտր Սվիտալսկին նշել է, որ նրանք պետք է հասկանան՝ քաղաքական գործընթացներում խոսքն ավելի կոշտ է լինում, և եթե նրանք չեն կարող դա ընդունել, ապա ցանկալի է՝ զբաղվեն այլ գործով:
Դեկտեմբերի 9-ին կկայանան արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Պաշտոնապես քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ին և կտևի 12 օր։