30 նոյեմբերի 2018 - 16:55 AMT
Տնտեսական արդյունքի հավասար բաշխում, պրոգրեսիվ հարկային համակարգ. ՀՅԴ-ի ծրագիրը

«Հայ Յեղափոխական Դաշնակցությունը» նախընտրական ծրագրում ներկայացրել է տնտեսության զարգացման իր տեսլականը. մասնավորապես կուսակցությունն առանձնացնում է առաջանցիկ տնտեսական աճը, սոցիալական ներառականությունն ու արդարությունը, կայուն զարգացումը։

«Պետությունը չպետք է հանդես գա դիտորդի կարգավիճակում՝ տնտեսության կարգավորումը թողնելով «շուկայի անտեսանելի ձեռքին», այլ՝ պետք է արդյունավետ միջամտությամբ վերացնի շուկայական ձախողումները, մենաշնորհի առաջացումը, գերիշխող դիրքի չարաշահումը, իսկ անհրաժեշտության դեպքում տնտեսության զարգացման լոկոմոտիվի դերը ստանձնի»,- նշված է ՀՅԴ ծրագրում։

ՀՅԴ-ն առաջրկում է ներդնել պրոգրեսիվ հարկային քաղաքականություն, որի հիմքում պետք է դրվի «շատից շատ, քչից քիչ» սկզբունքը։

«Շատ վաստակողը պետք է ավելի շատ հարկ վճարի, քանի որ դրա միջոցով հնարավոր է վերացնել եկամուտների բևեռացվածությունը և սոցիալական անարդարությունը։ Եկամտահարկի դրույքաչափի առաջարկվող համահարթեցումը՝ անկախ եկամուտի չափից, միասնական մեկ դրույքաչափի կիրառումը չի կարող մեղմել սոցիալական անհավասարությունը»,- նշված է ծարգրում։

Պրոգրեսիվ հարկման քաղաքականությունը, ըստ կուսակցության, պետք է գործի նաև գույքահարկի և հողի հարկի պարագայում։ Կարևորվում է ստեղծված տնտեսական արդյունքի արդար բաշխումը հասարակության բոլոր անդամների միջև։

Ընթերցեք նաև՝ «50 քայլ դեպի երջանիկ անհատ, հոգատար հանրություն և հզոր պետություն». Ինչ է խոստանում «Իմ քայլը»։