Դեկտեմբերի 5-ին Միլանում, ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակներում, Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ:
Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը պայմանավորվել են առաջիկայում շարունակել հանդիպումները՝ պահպանելով ձևավորված դինամիկան, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների երրորդ հանդիպումը ևս միտված էր առավել հանգամանալից ծանոթանալու խաղաղության գործընթացի վերաբերյալ միմյանց դիրքորոշումներին ու մոտեցումներին։ Այս առումով ծավալվել է մտքերի օգտակար փոխանակություն:
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն իր հերթին հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները կշարունակվեն 2019-ի հունվարին: «Բանակցությունները, որոնք 3 ժամ են տևել, եղել են կարևոր և օգտակար կողմերի դիրքորոշումն ավելի լավ հասկանալու տեսակետից: Կողմերը համաձայնության են եկել շարունակել բանակցությունները նույն ձևաչափով մոտ ապագայում, հավանաբար, 2019-ի հունվարին»,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը, հայտնում է Haqqin.az-ը: