6 դեկտեմբերի 2018 - 12:37 AMT
Հայ դիվանագետները Մոնղոլիա առանց վիզա կմեկնեն

Կառավարությունը դեկտեմբերի 6-ի նիստում հաստատել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Մոնղոլիայի կառավարության միջև դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատելու մասին» համաձայնագիրը:

Համաձայնագրի նպատակն է խրախուսել, դյուրացնել և քաջալերել պայմանավորվող կողմերի պաշտոնյաների այցելությունները` դիվանագիտական և պաշտոնական վավեր անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատելու միջոցով:

Կողմերից յուրաքանչյուր պետության այն քաղաքացիները, ովքեր ունեն դիվանագիտական և պաշտոնական վավեր անձնագրեր, ազատվում են մուտքի արտոնագրի պահանջից մյուս կողմի պետության տարածք մուտքի, կացության, ելքի կամ անհրաժեշտության դեպքում այդ այմանավորվող կողմի պետության տարածքով տարանցման համար` նրանց մուտք գործելու օրվանից երեսուն օրը չգերազանցող ժամանակահատվածով, իսկ այն քաղաքացիները, ովքեր ունեն դիվանագիտական և պաշտոնական վավեր անձնագրեր, մյուս Կողմի պետության տարածքում երեսուն օրից ավել մնալու ցանկության դեպքում նախապես պետք է ստանան մուտքի արտոնագիր: