6 դեկտեմբերի 2018 - 13:32 AMT
ԲԷՑ-ում մոտ 160 աշխատակից կկրճատվի

«Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում 150-160 աշխատակից կկրճատվի: Այդ մասին հայտարարել է էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը:

«Պաշտոնանկություններ, կառուցվածքային փոփոխություններ բոլոր ընկերություններում լինում են: Այս պահին ամենաակտիվ աշխատանքները «Բարձրավոլտ էլեկտրական ցանցերում» են տեղի ունենում», - ասել է նա, հայտնում է Aysor.am-ը:

Նա հավելել է, որ արդեն նոր տնօրեն է ընտրվել: «Շուտով նաև հաստիքացուցակը կներկայացնենք, որտեղ նախատեսվում է մոտ 150-160 աշխատակցի կրճատում, որոնք, կարելի է ասել, այդքան էլ զբաղված չէին բարձրավոլտ էլեկտրական ցանցերի հիմնական գործունեությամբ», - ասել է նա:

Նախարարի պաշտոնակատարը նաև ընդգծել է, որ հաստիքային աշխատակցիներին զուգահեռ կա նաև արտահաստիքային 90 պայմանագրային աշխատող. «Ուղղակի անհասկանլի է, եթե կան հաստիքային աշխատակիցներ, ինչո՞ւ ենք արտահաստիքային 90 աշխատակից պահում»:

Բաղրամյանը նաև հավելել է, որ հաստիքի օպտիմալացման արդյունքում այն աշխատակիցիները, որոնք չեն զբաղվում ԲԷՑ հիմնական գործունեությամբ, այնտեղ այլևս չեն աշխատելու:

Ավելի վաղ, ՀՀ կառավարության և «Տաշիր» ընկերության միջև Բարձրավոլտ էլեկտրական ցանցերի վերաբերյալ կնքված պայմանագիրը չեղարկվել է: «Տաշիրը» քննադատել էր որոշումը, գրելով, որ պայմանագրով նախատեսվում էր, որ «Տաշիր Կապիտալի» կառավարումը հնարավորություն կընձեռի ԲԷՑ-ում ներդրումային և զարգացման ծրագրերի իրականացման նպատակով ՀԷՑ ՓԲԸ-ի երաշխավորությամբ ներգրավել հավելյալ փոխառու միջոցներ: Այդ երաշխիքների պարագայում պետությունն այլևս չի հանդիսանա ԲԷՑ ՓԲԸ-ի ներդրումային և զարգացման ծրագրերի իրականացման նպատակով ներգրավվող վարկերի երաշխավոր, և այդ նպատակով պետական պարտք չի կուտակվի: