7 դեկտեմբերի 2018 - 11:00 AMT
«Գահերի խաղի» վերջին եթերաշրջանի թիզերը համացանցում է

«Գահերի խաղը» հայտնի սերիալի վերջին եթերաշրջանը կցուցադրվի 2019-ի ապրիլին: Համացանցում է հայտնվել եթերաշրջանի առաջին թիզերը:

«Գահերի խաղը» սերիալի գործադիր պրոդյուսեր Բրայան Կոգմանը Entertainment Weekly հանդեսին ասել է, որ վերջին եթերաշրջանում բոլոր կերպարներն իրենց առանձին սյուժետային գծերով «կմեկտեղվեն՝ դիմակայելու համար ընդհանուր թշնամուն, առերեսվելու սեփական անցյալին և բարոյական ընտրություն կատարելու՝ ի դեմս անխուսափելի մահվան»:

Հուլիսին HBO հեռուստաալիքի ներկայացուցիչ Քեյսի Բլոյսը խոստացել էր, որ սագայի վերջաբանի մասին «հետո երկար են խոսելու»: «Դա հեռուստատեսության պատմության մեջ լավագույն շոուներից մեկն ավարտելու լավ տարբերակ է»,-ասել է նա:

«Գահերի խաղի» 8-րդ եթերաշրջանի նկարահանումներն ավարտվել են հուլիսի սկզբին: Եթերաշրջանի պրեմիերան նախատեսված է 2019-ի գարնանը: Հեռուստասերիալը հեռարձակվում է HBO-ում 2011-ից: