7 դեկտեմբերի 2018 - 16:24 AMT
Քոչարյանը կկալանավորվի

ՀՀ վերաքննիչ դատարանը որոշել է ուժի մեջ թողնել առաջին ատյանի դատարանի՝ Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոցը կալանքը կիրառելու որոշումը:

Քոչարյանը որոշման հրապարակմանը ներկա չէր:

Նախքան վճռի հրապարակումը Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը լրագրողներին ասել էր, որ եթե դատարանի վրա ճնշում գործադրված լինի, ապա Քոչարյանին կկալանավորեն, եթե ոչ՝ երկրորդ նախագահը պետք է ազատության մեջ մնա:

Նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը բեկանել էր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը վերացնելու Վերաքննիչ դատարանի որոշումն ու գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության: Այս վճիռը կայացվել էր՝ հիմք ընդունելով Գլխավոր դատախազի բողոքը:

Նախքան այդ, օգոստոսի 13-ին Վերաքննիչ քրեական դատարանի կողմից բավարարվել էր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը: Վերաքննիչ դատարանը վերացրել էր Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշումը՝ նշելով, որ Քոչարյանը որպես ՀՀ նախագահ անձեռնմխելի է:

Քոչարյանի պաշտպանները պնդում են, որ Քոչարյանն անձեռնմխելի է և չպետք է կալանավորվի: