10 դեկտեմբերի 2018 - 16:32 AMT
Դոդոնը 5-րդ անգամ հեռացվել է Մոլդովայի նախագահի պաշտոնից

Մոլդովայի սահմանադրական դատարանը 5-րդ անգամ ժամանակավորապես հեռացրել է պաշտոնից երկրի նախագահ Իգոր Դոդոնին:

Դոդոնին ժամանակավորապես հեռացնելու մասին հարցումով դիմել էին Մոլդովայի խորհրդարանի պատգամավորները: Պատճառն այն էր, որ նախագահը հրաժարվել է հավանություն տալ մի շարք օրենքների, որոնք խորհրդարանը հաստատել էր երկրորդ անգամ, գրում է «Վեդոմոստին» Point.md ինտերնետ պորտալի վրա հղումով:

Ինչպես գրում է Noi.md-ն, դեկտեմբերի 10-ին դատարան էր դիմել խորհրդարանի խոսնակ Անդրիան Կանդուն և պատգամավոր Սերջիու Սիրբուն: Խոսքը, մասնավորապես, Քիշնևի մարզադաշտի տեղում ԱՄՆ դեսպանատան կառուցման և մայիսի 9-ին Եվրոպայի օրը նշելու վերաբերյալ օրենքների մասին է:

Դոդոնը ՌԻԱ Նովոստիին ասել է, որ դրանք «հեռացող խորհրդարանի վերջին որոշումներն են»:

Ըստ Մոլդովայի սահմանադրության, երկրի նախագահը հավանություն է տալիս օրենքներին: Եթե նա դիտողություններ ունի փաստաթղթի վերաբերյալ, կարող է վերադարձնել այն վերանայման: Խորհրդարանում երկրորդ անգամ հաստատված օրենքը նա պարտավոր է ընդունել: Եթե նախագահը հրաժարվում է դա անել, ՍԴ-ն կարող է ժամանակավորապես հեռացնել նրան պաշտոնից, իսկ նրա պարտականությունները կատարում է խորհրդարանի խոսնակը կամ վարչապետը: