10 դեկտեմբերի 2018 - 15:52 AMT
Մարուքյան. Ընդդիմություն լինելու ռեսուրս ունի միայն «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քաղաքակրթական և արժեքային ընդդիմություն է՝ ձևավորված քաղաքական մեծամասնությանը։ Այդ մասին հայտարարել է կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ միայն «Լուսավոր Հայաստանն» ունի ընդդիմություն լինելու ռեսուրս:

Էդմոն Մարուքյանը նշել է, որ իրենք գիտակցում են՝ այն ճանապարհը, որով անցել են քաղաքական համակարգի հին ուժերը, արտացոլում են այն, ինչ իրենք ասել են՝ այդ ուժերը չեն կարող լինել ընդդիմություն։ «Ուստի, հաշվի առնելով այդ հանգամանքները և այն, որ քաղաքականությունն ու բիզնեսն այս պարագայում այդպես էլ չեն տարանջատվել նոր Հայաստանում, մենք պնդում ենք, որ խորհրդարանում ընդդիմություն լինելու ռեսուրս ունի միայն «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը»,- ասել է Էդմոն Մարուքյանը՝ միաժամանակ հավելելով, որ խորհրդարանից դուրս կան ու կլինեն ընդդիմադիր ուժեր, որոնց հետ իրենք պատրաստ են համագործակցել, հայտնում է Panorama.am-ը։

Անդրադառնալով հարցին, թե ինչու ընտրություններին չհավաքեցին իրենց ակնկալած ձայների քանակը և չդարձան երկրորդ ուժը, կուսակցության առաջնորդն ասաց. «Սարսափելի հակաքարոզչութուն է տեղի ունեցել մեր դեմ, բնականաբար, դա իր ազդեցությունն ունեցել է: Ամեն դեպքում ունենք այն, ինչ ունենք: Ես վստահ եմ՝ եթե կառավարության այն հիմնական դրույթը, որը վերաբերում էր բիզնեսի և քաղաքականության տարանջատմանը, իրացվեր այս վեց ամիսների ընթացքում, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը միանշանակ կլիներ երկրորդ քաղաքական ուժը»:

Մարուքյանն ընթերցել է նաև կուսակցության հայտարարությունը, որտեղ ասվում է, որ «Հայաստանում կայացած պատմական ընտրությունները մեր երկրում հեղափոխության տրամաբանական շարունակությունն էին, դրա արժեքների կապիտալիզացիան ապահովող հիմնական գործընթացը»։

Նշվում է, որ միևնույն ժամանակ դեկտեմբերի 9-ի ընտրություններով ավարտվում է հեղափոխությունը ու երկիրը թևակոխում է համակարգային, ինստիտուցիոնալ բարեփոխումների փուլ, որտեղ խորհրդարանն ունի հայեցակարգային մոտեցումներ ունեցող, փոխզսպող և հակակշիռ հանդիսացող ուժի անհրաժեշտություն:

«Միաժամանակ, մտահոգ ենք, որ անգամ հեղափոխությունից հետո խոշոր բիզնեսը և քաղաքականությունը շարունակում են մնալ քաղաքական խրոնիկ հիվանդ համակարգի հետևանք, որի դեմ պայքարը լինելու է մեր ուժի գլխավոր առաջնահերթություններից մեկը։ Հավատարիմ ենք «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից որդեգրված արժեքներին և սկզբունքներին, որը միտված է համակարգային բարեփոխումների իրականացմանն ու այդ արժեքների շուրջ հասարակության լայն համախմբմանը։ Որպես նոր Հայաստանի պատմական ընտրության արդյունքում խորհրդարանական միակ ընդդիմադիր ուժ՝ միշտ բաց ենք համագործակցության համար խորհրդարանից դուրս գործող արժեքավոր քաղաքական ուժերի և անհատների հետ»,- նշված է հայտարարությունում:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքների համաձայն, ՀՀ ԱԺ է անցել 3 քաղաքական ուժ։Ժամը 07:30-ի դրությամբ մշակվել է քվեաթերթիկների 100%-ը, ինչի արդյունքում ձայների 70.43%-ով հաղթել է «Իմ քայլը» դաշինքը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։Երկրորդ տեղը և 8.27% հավաքել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, երրորդ` 6.37%-ով, «Լուսավոր Հայաստանը»։