10 դեկտեմբերի 2018 - 15:58 AMT
ՀՅԴ. Սա պարտություն է, սակայն ոչ մեր ընտրողների

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը հայտարարություն է տարածել արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ. դրանց արդյունքում ուժը ներկայացված չի լինի ՀՀ 7-րդ գումարման Ազգային Ժողովում:

«Սա պարտություն է, սակայն ոչ մեր ընտրողների: Եվ այս պարտության մեջ մենք տեսնում ենք հետեւյալը՝ ընտրողն այսօր իր ձայնը տվեց անհատին, ոչ գաղափարին ու ծրագրին, ընտրության մասնակիցների մի ստվար զանգվածն այսօր կենտրոնացած է «ներքին թշնամու» կերպարի վրա ու ապշելու աստիճան անհոգ է արտաքին և ներքին վտանգներին հանդիման, Դաշնակցության մոտեցումներն այսօր ընկալվում են փոքրամասնության կողմից, պատշաճորեն չի կարևորվում Արցախյան գործոնը քաղաքական օրակարգում, ձևավորվում է Ազգային ժողով առանց հստակ գաղափարական և ազգային դիմագծի», - նշված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ կարճատև քարոզարշավը կարևորվել է նրանով, որ ուժը ստացել է իրատեսական պատկերացում համակիրների այն բանակի մասին, որը կմասնակցի իր պայքարին:

«Այդ բանակը փոքրաթիվ է, բայց փոխարենը իրական, նրա որոշումը հստակ է, ոչ մոդայիկ եւ թելադրված է միայն ու միայն ներքին համոզմամբ ու հստակ գիտակցությամբ: Ոչ մի անգիտակից քվե, ոչ մի պատահական մարդ: Կարողացանք բանավիճել, բարձրաձայնել մեր մտահոգությունները, հակադարձել վտանգավոր միտումներին, բերել մեր փաստարկները: Այս պահին մեր խոսքը լայն ընկալում չունեցավ ու թերագնահատվեց, սակայն մեզ հաջողվեց ցույց տալ իրավիճակն անտեսված կողմից, մտածելու ու վերլուծելու առիթ ստեղծել ու արթնացնել զգոնությունը: Ժամանակի ընթացքում անկողմնակալ, հայրենիքի ճակատագրով մտահոգ ու Արցախի հիմնախնդրի նշանակությունը ճիշտ պատկերացնող մեր քաղաքացիները կհամադրեն ամեն օր ստացվող նորությունները մեր հնչեցրած մտահոգությունների հետ եւ կգիտակցեն, թե ինչի մասին էինք խոսում, ահազանգում», - ասված է հայտարարության մեջ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքների համաձայն, ՀՀ ԱԺ է անցել 3 քաղաքական ուժ։Ժամը 07:30-ի դրությամբ մշակվել է քվեաթերթիկների 100%-ը, ինչի արդյունքում ձայների 70.43%-ով հաղթել է «Իմ քայլը» դաշինքը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։Երկրորդ տեղը և 8.27% հավաքել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, երրորդ` 6.37%-ով, «Լուսավոր Հայաստանը»։