11 դեկտեմբերի 2018 - 10:40 AMT
ՀԱԿ. Նոր իշխանությունները կանգնած են լուրջ մարտահրավերների առաջ

Հայ ազգային կոնգրեսը շնորհավորել է «Իմ քայլը» դաշինքին և նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանին՝ դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ։

ՀԱԿ-ը մատնանշում է, որ նոր իշխանությունները կանգնած են լուրջ մարտահրավերների առաջ․ ապահովել Հայաստանի և Արցախի անվտանգությունը, արմատախիլ անել կոռուպցիան և հաստատել արդարադատություն, տնտեսությունը դնել զարգացման ուղու վրա, հզորացնել քաղաքացիական հասարակության ինստիտուտները, ընդունել նոր հարկային և ընտրական օրենսդրություն։

«Առավել նշանակալի է, որ քոչարյանա-սերժական բռնապետության վերջնական տապալումը տեղի ունեցավ լիովին ազատ և դեմոկրատական ընտրությունների միջոցով։ Ընտրություններում ժողովրդի ազատ կամարտահայտությամբ պսակված Թավշյա հեղափոխության գլխավոր նվաճումն անկասկած այն է, որ Հայաստանի ժողովուրդը կրկին դարձել է քաղաքական գործընթացների առանցքային դերակատարը։ Մեր հասարակության քաղաքացիական հասունության վկայությունն էր նաև ապրիլյան հեղափոխությունից մինչև ընտրություններ ընկած ժամանակաշրջանը, որն անցավ անցնցում՝ պահպանելով երկրի ներքին կայունությունն ու հասարակական համերաշխությունը»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ ամեն ինչ դեռ նոր է սկսվում։

«Ազատ և արդար ընտրությունների անցկացումը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է երկրի ժողովրդավարացման և զարգացման համար։ Հայ ազգային կոնգրեսն իրենից կախված ամեն ինչ կանի, որպեսզի ապահովվի ժողովրդավարական հեղափոխության նպատակների իրականացումը և նշված մարտահրավերների հաղթահարումը», - ասված է ՀԱԿ հայտարարության մեջ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքների համաձայն, ՀՀ ԱԺ է անցել 3 քաղաքական ուժ։Ժամը 07:30-ի դրությամբ մշակվել է քվեաթերթիկների 100%-ը, ինչի արդյունքում ձայների 70.43%-ով հաղթել է «Իմ քայլը» դաշինքը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։Երկրորդ տեղը և 8.27% հավաքել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, երրորդ` 6.37%-ով, «Լուսավոր Հայաստանը»։

ՀՀԿ-ն ԱԺ արտահերթ ընտրություններում հավաքել է 4,7%, անցողիկ շեմը 5% է: