11 դեկտեմբերի 2018 - 11:25 AMT
ԵՄ. Պատրաստ ենք աշխատել ժողովրդավարական պայմաններում ընտրված ԱԺ-ի և ապագա գործադիրի հետ

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության և Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով մամուլի խոսնակը հայտարարել է, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցել են հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի դրսևորմամբ և վայելում են հանրային լայն վստահություն, ինչն անհրաժեշտ է պահպանել ընտրական համակարգի հետագա բարեփոխումների միջոցով»:

«Եվրոպական միությունը հանձնառու է Հայաստանի կայուն, ժողովրդավարական և բարեկեցիկ ապագայի կառուցմանը: Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարևորվում են այն առումով, որ դրանք բարձրացրեցին հանրային վստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ՝ Հայաստանում: Ակնկալում ենք, որպեսզի բոլոր շահագրգիռ կողմերը շարունակեն ջանքերը երկրի հետագա ժողովրդավարացման և արդիականացման ուղղությամբ: Մենք ակնկալում ենք աշխատել ժողովրդավարական պայմաններում ընտրված նոր խորհրդարանի և ապագա կառավարության հետ` խորացնելու մեր քաղաքական և տնտեսական հարաբերությունները` հիմք ընդունելով համատեղ պարտավորությունները ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո», - ասված է հայտարարության մեջ:

Ընթերցեք նաև՝ «Պետդեպ. ՀՀ-ում արտահերթն անցել է ազատ և մրցակցային պայմաններում»:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքների համաձայն, ՀՀ ԱԺ է անցել 3 քաղաքական ուժ։ Ժամը 07:30-ի դրությամբ մշակվել է քվեաթերթիկների 100%-ը, ինչի արդյունքում ձայների 70.43%-ով հաղթել է «Իմ քայլը» դաշինքը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։Երկրորդ տեղը և 8.27% հավաքել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, երրորդ` 6.37%-ով, «Լուսավոր Հայաստանը»։