11 դեկտեմբերի 2018 - 12:21 AMT
Հրանուշ Խառատյան. Չհաղթահարվեց ազգակցական կապը, քաղաքական նպատակահարմարությունը

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ նույնիսկ «Իմ քայլը» դաշինքն այնպիսի «ցուցակով չի գալիս խորհրդարան, որ տարակուսանք չունենանք»։

«Չհաղթահարվեց ազգակցական կապը, քաղաքական նպատակահարմարությունը, տարբեր հեղինակավոր ազդեցությունները և այլն։ Կարծում եմ, որ դրանք առաջիկայում տարբեր ձևերով կդրսևորվեն՝ կա՛մ խորհրդարանում կոճակ սեղմելով, կա՛մ առանձին խիստ կարևոր ու սկզբունքային հարցերում ուղղակի քանակական մեծամասնություն ձևավորելով և դրանով ազդելով որոշումների ընդունման վրա»,- ասել է Հրանուշ Խառատյանը, հայտնում է Aysor.am-ը։

Ազգագրագետը մտահոգ է՝ շատ լուրջ խորհելու անհրաժեշտություն կա, թե ինչպես պետք է զսպել կամ ազդել այդ գործընթացի վրա։

«Մեր հասարակությունն, իհարկե, փորձ ունի, փորձ ունի նաև ծանր հիասթափությունների, դրանք հաղթահարելու և դրանով ապրելու։ Էականն այն է, թե ինչպես է հանրային մեծամասնությունը կարողանալու ազդել։ Նիկոլ Փաշինյանը հիմա անընդհատ հայտարարում է, որ «Իմ քայլը» և հեղափոխությունը նշանակում է ժողովրդի իշխանություն։ Հիմա եթե նա ենթադրում է, որ ժողովրդի իշխանությունը բացառապես այդ մարդկանց քվեարկությունն է լինելու, մենք այդտեղ իսկապես մտածելու խնդիրներ ունենք», - ասել է Հրանուշ Խառատյանը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքների համաձայն, ՀՀ ԱԺ է անցել 3 քաղաքական ուժ։Ժամը 07:30-ի դրությամբ մշակվել է քվեաթերթիկների 100%-ը, ինչի արդյունքում ձայների 70.43%-ով հաղթել է «Իմ քայլը» դաշինքը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։Երկրորդ տեղը և 8.27% հավաքել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, երրորդ` 6.37%-ով, «Լուսավոր Հայաստանը»։ՀՀԿ-ն ԱԺ արտահերթ ընտրություններում հավաքել է 4,7%, անցողիկ շեմը 5% է:

Տավուշի մարզի թիվ 13 ընտրատարածքում «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային 7 թեկնածուներից ամենաշատ քվե ստացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սիփան Փաշինյանը՝ Նիկոլ Փաշինյանի եղբոր որդին: