11 դեկտեմբերի 2018 - 12:47 AMT
Նարեկ Սարգսյանի արտահանձնման հարցը կքննի Պրահայի դատարանը

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի արտահանձնման հարցը կքննի Պրահայի շրջանային դատարանը, այժմ նա նախնական կալանքի տակ է: Այդ մասին հայտնել է Պրահայի ոստիկանության խոսնակ Յան Դանյեկը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Չեխական օրենսդրությունն արգելում է ինձ մանրամասներ հաղորդել կոնկրետ անձանց մասին, այդուամենայնիվ, կարող եմ հաստատել, որ դեկտեմբերի 6-ին Պրահա-5 թաղամասում գտնվող բնակարաններից մեկում Պրահայի տարածքային ոստիկանության քրեական հետախուզման բաժնի աշխատակիցները Հայաստանից եկած 37-ամյա մի տղամարդու են ձերբակալել, որը գտնվում էր միջազգային հետախուզման մեջ», - ասել է Դանյեկը:

Հայաստանի իրավապահները Նարեկ Սարգսյանին մեղադրանք են ներկայացրել 2018-ի ամռանը, երբ վերջինիս՝ Երևանի կենտրոնում գտնվող բնակարանում ապօրինի զենք ու թմրանյութեր էին հայտնաբերել: Ընդ որում, սա Սարգսյանին վերագրվող հանցանքների ամբողջական ցանկը չէ, Հայաստանի ոստիկանությունը նաև նշել է, որ հայտնաբերման պահին վերջինս ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով։

«Հետախուզման մեջ գտնվող այդ տղամարդը ձերբակալվել է ոստիկանության հատուկ ջոկատայինների օգնությամբ, քանի որ կասկածներ կային, որ նա կարող է զինված լինել: Հետագայում նա տեղափոխվել է ձերբակալվածների պահման համար նախատեսված վայր, և այժմ նրա ճակատագիրը Պրահայի շրջանային դատարանի ձեռքում է»,- ասել Չեխիայի մայրաքաղաքի ոստիկանության խոսնակը:

Հանձնման մասին եվրոպական կոնվենցիայի համաձայն` այլ երկրի պահանջով ձերբակալված անձը նախնական կալանքի տակ կարող է մնալ առավելագույնը 40 օր, և եթե մինչև այդ հայցվոր կողմը արտահանձնման դիմում չներկայացնի, տեղի իշխանությունները կարող են նրան ազատ արձակել: Այս պահի դրությամբ հայկական կողմը դեռ միջնորդությունը չի ներկայացրել: Այդ մասին հայտնել է Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը՝ միաժամանակ վստահեցնելով, որ այն չի ուշանա:

Սարգսյանի դեմ հարուցված է քրեական գործ՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով: Մանրամասները՝ «Սարյանի նկարներ, զենք ու թմրանյութ․ Ալեքսանդր Սարգսյանի որդի Նարեկը հետախուզվում է»։