11 դեկտեմբերի 2018 - 13:30 AMT
Բաբլոյանը շնորհավորել է արտահերթի առթիվ. Քաղաքացուն հնարավորություն տրվեց ընդունելու որոշում

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների առթիվ և հետագա օրինաստեղծ աշխատանքում մաղթել «նոր ձեռքբերումներ ու նվաճումներ հանուն Հայաստանի Հանրապետության հզորացման, Արցախի անվտանգության և մեր ժողովրդի բարօրության»:

«Ավարտվեց Հայաստանի Հանրապետության նորագույն պատմության կարևոր իրադարձություններից մեկը` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները: Անկախ քաղաքական ուժերի միջև եղած տարաձայնություններից, նրանց մրցավազքից և անզիջում պայքարից, այդ ընթացքում ձևավորվեց այնպիսի մթնոլորտ, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացուն հնարավորություն տվեց ընդունելու որոշում և դրանով ուրվագծելու իր ապագա սպասումներն ու իղձերը: Ընտրությունների արդյունքները որքան ուրախալի են խորհրդարան անցած քաղաքական ուժերի համար, կրկնակի պարտավորեցնող են, քանի որ ստանալով ընտրողների վստահությունը` քաղաքական ուժերը պետք է մշտապես հիշեն, որ ստանձնել են նույն ընտրողների սպասումների և իղձերի իրականացման հանձնառությունը, որը պետք է իրագործեն մեծ պատասխանատվությամբ», - նշված է հայտարարության մեջ:

Բաբլոյանը հույս է հայտնել, որ խորհրդարան անցած ուժերը հաջողության կհասնեն:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքների համաձայն, ՀՀ ԱԺ է անցել 3 քաղաքական ուժ։Ժամը 07:30-ի դրությամբ մշակվել է քվեաթերթիկների 100%-ը, ինչի արդյունքում ձայների 70.43%-ով հաղթել է «Իմ քայլը» դաշինքը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։Երկրորդ տեղը և 8.27% հավաքել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, երրորդ` 6.37%-ով, «Լուսավոր Հայաստանը»։ՀՀԿ-ն ԱԺ արտահերթ ընտրություններում հավաքել է 4,7%, անցողիկ շեմը 5% է: