19 դեկտեմբերի 2018 - 10:32 AMT
Մամեդյարով. Միլանում Մնացականյանի հետ ԼՂ հարցում փոխըմբռնման ենք հասել

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Միլանում Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարԶոհրաբ Մնացականյանի հետ հանդիպման ժամանակ հասել են փոխըմբռնման, հայտնում է Interfax-ը։

«Կարծում եմ, որ Միլանում իմ հայ պաշտոնակցի հետ վերջին հանդիպմանը մենք առաջին անգամ փոխըմբռնման ենք հասել տևական դադարից հետո առաջին անգամ», - ասել է Էլմար Մամեդյարովը 2018-ի արդյունքներին նվիրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների համար կազմակերպված ընդունելությանը։

Ադրբեջանցի նախարարը հավելել է, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիների որոնումն առաջնահերթ խնդիր կլինի Ադրբեջանի համար նաև 2019-ին: «Ժամանակիս մեծ մասը նվիրել եմ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիների որոնմանը: Դա գլխավոր խնդիրը կլինի նաև 2019-ին»,-ասել է նախարարը:

«Հիմնական նպատակը շոշափելի արդյունքների հասնելն է»,-ասել է Մամեդյարովը։

Նա հավելել է, որ 2019-ի հունվարին Զոհրաբ Մնացականյանի հետ կայանալիք հանդիպմանը ևս քննարկելու են հակամարտության խաղաղ կարգավորման ուղիները։ «Ադրբեջանը խաղաղ կարգավորման կողմնակից է», - հավելել էՄամեդյարովը։

Միլանում ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակում Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները համատեղ հայտարարություն են տարածել, որով պատրաստակամություն են հայտնել շարունակել աշխատանքը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ:

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը «շատ օգտակար» էր անվանել Միլանում ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած բանակցությունները և հավելել, որ 2019-ին պետք է բեկում կատարել ԼՂ կարգավորման հարցում

Ընթերցեք նաև.Ալիև. Ադրբեջանը զենքի ու ռազմատեխնիկայի ներկրման բազմաթիվ պայմանագրեր է կնքել