24 դեկտեմբերի 2018 - 10:42 AMT
Պենտագոնը կղեկավարի Պատրիկ Շանահանը

2019-ի հունվարի 1-ից ԱՄՆ պաշտպանության նախարարի թափուր պաշտոնը կստանձնի Պենտագոնի ղեկավարի տեղակալ Պատրիկ Շանահանը: Այդ մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում:

«Ուրախ եմ հայտարարել, որ հունվարի 1-ից ՊՆ ղեկավարի տաղանդավոր տեղակալ Պատրիկ Շանահանը կստանձնի պաշտպանության նախարարի պաշտոնակատարի պարտականությունները: Պատրիկը նվաճումների մեծ ցուցակ ունի փոխնախարարի պաշտոնում և մինչ այդ Boeing կորպորացիայում: Նա հիասքանչ կլինի»,-գրել է Թրամփը:

Շանահանի պաշտոնական նշանակումը կարող է կատարվել միայն Սենատի կողմից հավանություն ստանալուց հետո: Մինչ այդ նա կկատարի Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատարի պարտականությունները, հայտնում է ՌԲԿ-ն:

Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը հրաժարական է տվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ տարաձայնություննեի պատճառով: Հրաժարականը հաջորդել է Սիրիայից զորքերը դուրս բերելու մասին Թրամփի հայտարարությանը:«Դուք իրավունք ունեք աշխատելու այնպիսի պաշտպանության նախարարի հետ, որի հայացքներն ավելի համահունչ կլինեն ձեր հայացքներին»,-ասվում է Թրամփին հասցեագրված Մեթիսի նամակում:

Դեկտեմբերի 20-ին Սպիտակ տան մամուլի քարտուղար Սարա Սանդերսը հայտարարեց, որ ԱՄՆ-ն սկսել է դուրս բերել զորքերը Սիրիայից: «Անցնելով այս գործողության հաջորդ փուլին՝ մենք սկսեցինք տուն վերադարձնել ամերիկացի զինվորներին»,-ասվում է Սանդերսի հայտարարության մեջ: