27 դեկտեմբերի 2018 - 18:12 AMT
Պուտինը շնորհավորել է Փաշինյանին. Հանդիպումը սկսվել է

Դեկտեմբերի 27-ին Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի Հանարապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Փաշինյանի մամուլի քարտուղար Արման Եղոյանը:

«Սպուտնիկի» հայաստանյան ծառայության փոխանցմամբ՝ Պուտինը շնորհավորել է Փաշինյանին դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում նրա առաջնորդած «Իմ քայլը» դաշինքի հաղթանակի առթիվ, մաղթել հաջողություն:

Պուտինը նաև ընդգծել է, որ պետք է պահպանել հայ-ռուսական հարաբերությունների զարգացման դինամիկան բոլոր ոլորտներում, այդ թվում՝ անվտանգության ոլորտում, մասնավորապես, ՀԱՊԿ-ի շրջանակում:

Փաշինյանն իր հերթին պատրաստակամություն է հայտնել շարունակել ՌԴ-ի հետ գործակցությունը բոլոր ուղղություններով, այդ թվում՝ ԵԱՏՄ շրջանակում: Նա նաև հրավիրել է Պուտինին Հայաստան:

Ավելի վաղ Հայաստանի Հանարապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Մոսկվա է մեկնել: