8 հունվարի 2019 - 13:53 AMT
Առաջին անգամ զորակոչիկները իրենց հետ հեռախոս կտանեն

2019 թվականի ձմեռային զորակոչին առաջին անգամ ժամկետային զինծառայողներին թույլատրվել է իրենց հետ բջջային հեռախոս տանել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը:

«ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով կանոնակարգված է, որ ժամկետային զինծառայողները կարող են իրենց հետ ունենալ բջջային հեռախոսներ, բայց կան նաև համապատասխան սահմանափակումներ, որ դրանցով նկարահանումներ, ձայնագրություններ չկատարվեն», - ասել է Մուրադյանը:

ՀՀ ԶՈՒ ժամկետային պարտադիր զինծառայողների կողմից բջջային հեռախոսներից օգտվելու կանոնակարգի համաձայն՝ զինծառայողին թույլատրվում է ունենալ բացառապես տեսագրման, ձայնագրման, լուսանկարման և ինտերնետ հնարավորություններ չունեցող բջջային հեռախոս:

Զորակոչված զինծառայողի բջջային հեռախոսը հաշվառվում է հանրապետական հավաքակայանում: Եթե զինծառայողի բջջային հեռախոսն ունի տեսագրման, ձայնագրման և ինտերնետ հնարավորություններ ապա հեռախոսը հանրապետական հավաքակայանում վերադարձվում է զինծառայողի ներկայացուցչին` հանձման-ընդունման ստացականի հիման վրա:

Հանրապետական հավաքակայանում զինծառայողը ծանոթանում է բջջային հեռախոսակապով խոսակցությունների ժամանակ գաղտնիության ռեժիմի պահպանման պահանջներին: Զորամաս ներկայանալուց հետո զինծառայողը նախապատրաստական ստորաբաժանումում բջջային հեռախոսը ներկայացնում է հաշվառման: Զինծառայողին արգելվում է շարքում, պլանային և ոչ պլանային միջոցառումների, պարապմունքների, մարտական հերթապահության, վերակարգի, զենքի խնամքի ժամանակ օգտվել բջջային հեռախոսից: Զինծառայողը բջջային հեռախոսից կարող է օգտվել միայն զորամասի օրվա կարգացուցակով նախատեսված ազատ ժամերին:

Զինծառայողի բջջային հեռախոսի հեռախոսավարձերի վճարումը կատարվում է զինծառայողի կամ նրա հարազատների կողմից:

ՊՆ-ն հիշեցնում է՝ բջջայինով խոսելիս պետք է խուսափել զինվորական անցուդարձի մասին առնչվող խոսակցություններից, լարված իրադրության ժամանակ չպետք է զանգահարել մտերիմներին ու պատմել ծավալվող իրադարձությունների մասին, չպետք է կատարել «վաղը մեզ մոտ տագնապ է լինելու» կամ նմանատիպ բովանդակությամբ այլ գրառումներ, չպետք է հրապարակել լուսանկարներ, որոնցում երևում են մարտական հենակետեր, դիրքեր, գաղտնի ապառազինություն կամ տեխնիկա, ավտոմեքենաների համարանիշներ և այլն: Ռազմական գործողությունների ժամանակ պետք է անջատել բջջային հեռախոսը, պետք է հիշել՝ հակառակորդը լսում է և կարող է հեռախոսի դիրքով ոչնչացնել ծառայողին ու նրա ստորաբաժանումը: