11 հունվարի 2019 - 13:09 AMT
Հայկական հանցախումբն Իսպանիայում թենիսի պայմանավորված խաղեր է կազմակերպել

Իսպանիայում մեծ հանցախումբ է բացահայտվել, որը զբաղվում էր թենիսի պայմանավորված խաղերի կազմակերպմամբ: Հանցախմբի անդամները հիմնականում հայեր են:

Իսպանիայի իրավապահները 15 մարդ են ձերբակալել, հետաքննություն է ընթանում ևս 68-ի մասով, այդ թվում մարզիկների, հայտնում է Deadspin-ը :

Պայմանավորված խաղերի հետ առնչություն ունի 83 մարդ, որոնցից 28-ը պրոֆեսիոնալ թենիսիստներ են, որոնցից մեկը մասնակցել է վերջին ԱՄՆ թենիսի բաց առաջնությանը։

Խմբավորումը գործել է առնվազն 2017-ի փետրվարից: Ենթադրվում է, որ այդ ընթացքում եկամուտը կարող էր միլիոնավոր եվրոների հասնել:

Իսպանիայում 11 տուն է խուզարկվել, որի արդյունքում առգրավվել է 167,000 եվրո կանխիկ գումար, հրազեն, ինչպես նաև գործի հետ կապված 50 էլեկտրոնային սարք, կրեդիտ քարտեր, 5 շքեղ մեքենա ու փաստաթղթեր։ 42 բանկային հաշիվ սառեցվել է։