15 հունվարի 2019 - 14:23 AMT
Ծառուկյան. Եկել եմ մեր «կլասիկ» պատգամավոր Մարուքյանին մի երկու բառ ասեմ

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, խորհրդարանում ընդդիմադիր փոխխոսնակի ընտրության հարցի քննարկման ժամանակ պատասխանել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին:

«Եկել եմ մեր «կլասիկ» պատգամավոր Էդմոն Մարուքյանին մի երկու բառ ասեմ», - ասել է նա՝ հավելելով, որ ոչ մի խնդիր չունի նրա հետ:

Նա ասել է, որ եթե որևէ մեկը փորձի վիրավորել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության, ապա դրա պատասխանը կստանա «դոկումենտալ փաստերի տեսքով»:

Ծառուկյանը նշել է նաև, որ ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի ընտրության հարցում իրենք թշնամաբար տրամադրված չեն որևէ քաղաքական ուժի դեմ:

Դեկտեմբերի 5-ին տեղի է ունեցել ընտրությունների նախընտրական մեծ բանավեճ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների առաջին համարների միջև: Բանավեճի ընթացքում Գագիկ Ծառուկյանի կողմից «Լուսավոր Հայաստանի» առաջնորդ Էդմոն Մարուքյանին արված արտահայտությունը ամենատարածված ցիտատներից մեկն է դարձել. երբ ի պատասխան Մարուքյանի նկատառմանը, որ նա «կլասիկ պատգամավոր է», հայտնի գործարարն ասել է՝ «ես քու կլասիկ ցավը տանեմ»: