15 հունվարի 2019 - 15:00 AMT
Քաղաքապետ. Օպերայի սրճարանների մի մասի ապամոնտաժումը հստակ է

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Օպերայի հրապարակի հարակից սրճարանների մի մասի ապամոնտաժման վերաբերյալ որոշումը վերջնական է:

Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանը հայտարարություն էր տարածել, որ տնտեսավարողների հետ կնքած պայմանագրերի համաձայն, Երևան համայնքը, ի դեմս քաղաքապետարանի, իրավունք ունի ցանկացած պահի՝ 30 օր առաջ ծանուցելու պայմանով, ներկայացնել վարձակալությամբ տրված տարածքն ազատելու պահանջ:

«Բոլոր տնտեսավարողներն ունեն պայմանագիր քաղաքապետարանի հետ և իրենց գործունեությունը ծավալում են այդ պայմանագրի շրջանակում: Մեր գործողություններն էլ միայն այս պայմանագրի շրջանակում են: Դեռևս մի քանի գործընթաց կա կապված կադաստրի և այլ հարցերի հետ, այդ իսկ պատճառով այս պահին ապամոնտաժման գործընթացը դեռ չի սկսվել: Բոլոր բիզնեսմեններն ունեն ինչ-որ խնդիրներ, բայց ես պարտավոր չեմ բոլոր բիզնեսմենների խնդիրներին ծանոթանալ: Ես պարտավոր եմ ծանոթ լինել միայն այն պայմանագրին, որում նկարագրվում են մեր հարաբերությունները»,- նշել է Մարությանը:

Երևանի քաղաքապետարանն ավելի վաղ հայտարարել էր, որ սկսել է մայրաքաղաքում կանաչ տարածքների վերականգնման և զարգացման գործընթացը: