15 հունվարի 2019 - 15:09 AMT
Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը մերժվել է

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հերթական անգամ մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած միջնորդությունը, հայտնում է Araratnews-ը:

Քոչարյանի պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել Քոչարյանի նկատմամբ ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ:

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում փաստաբան Հայկ Ալումյանը նշել է, որ այլևս չեն կարող բողոքարկել:

Հունվարի 14-ի դատական նիստում Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններն ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել նախագահող դատավոր Արթուր Մկրտչյանին՝ պատճառաբանելով, որ ՀՀ երկրորդ նախագահի փաստաբան Արամ Օրբելյանը մտերիմ է դատավորի ընտանիքի հետ։ Դատարանը, սակայն, մերժել էր ինքնաբացարկի միջնորդությունը՝ պատճառաբանելով, թե Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանի կապերը դատավորի ընտանիքի հետ այնքան սերտ չեն, որ ազդեն դատարանի որոշման վրա։