16 հունվարի 2019 - 11:34 AMT
ՀՀ-ն մեր հուսալի գործընկերն է. Ճապոնիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ, հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Աբեն, մասնավորապես, ընդգծել է, որ Հայաստանը Ճապոնիայի հուսալի գործընկերն է, որը կիսում է այնպիսի հիմնարար արժեքներ, ինչպիսիք են ազատությունը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը, և երկու երկրները սերտորեն գործակցում են ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային ասպարեզում:

«Վստահ եմ՝ Ձեր ղեկավարությամբ մեր երկրների հարաբերությունները հետագա ընդլայնման և զարգացման մեծ ներուժ ունեն: Հույս ունեմ, որ Ճապոնիայի և Հայաստանի, ինչպես նաև մեր ժողովուրդների միջև կապերը կշարունակեն խորանալ և ամրապնդվել: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ՝ ի շահ Հայաստանի հետագա բարգավաճման», - ասված է Ճապոնիայի վարչապետի ուղերձում

Ավելի վաղ Փաշինյանին շնորհավորել են Ղազախստանի, ՌԴ-ի, Բելառուսի, Վրաստանի, Իրանի ղեկավարները: