16 հունվարի 2019 - 12:26 AMT
Ժողովրդագրագետ. 2025-ին ՀՀ-ում մահերը գերազանցելու են ծնունդների թիվը

2025-ին Հայաստանում մահերը գերազանցելու են ծնունդների քանակը: Այդ մասին հայտարարել է ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանը, հայտնում է «Ազատությունը»:

Նրա խոսքով՝ 2010 թվականից Հայաստանում ծնունդների թիվը նվազում է: «2010 թվականից մենք ունենք ծնունդների թվաքանակի անկում, և այդ ծնունդների թվաքանակի անկումը վերջին տարիներին պայմանավորված է նրանով, որ նվազում է ամուսնությունների թվաքանակը։ Այսինքն՝ դա օբյեկտիվ գործոն է, որովհետև ամուսնական տարիք է մուտք գործում 1990-ական թվականներին ծնված սերունդը, որը 40 տոկոսով ավելի պակաս է, քան՝ 80-ական թվականներին ծնվածը և չհաշված, որ այդ սերունդից էլ արտագաղթի հետևանքով 20-25 տոկոսը ներկայումս բացակայում է Հայաստանից, ըստ տվյալների», - ասել է ժողովրդագրագետը։ Արտակ Մարկոսյանն ընդգծել է՝ այսօրվա խնդիրը դեպոպուլյացիա թույլ չտալն է։

Իր խոսքերով, 2010-2017թթ. ընթացքում ծնվող առաջնեկների թվի անկումը կազմել է մոտ 32%։

«Արդեն իսկ այս տարվա 9 ամիսների կտրվածքով Լոռու և Տավուշի մարզերում գրանցվել է բնակության բնական աճի նվազում՝ մահերը գերազանցել են ծնունդներին», - ասել է ժողովրդագրագետը։

«2025 թվականին մեզ մոտ դեպոպուլյացիա է լինելու, այսինքն՝ մահերը գերազանցելու են ծնունդներին՝ արդեն ամբողջ Հայաստանի մասին է խոսքը: Այսինքն՝ եթե նույնիսկ արտագաղթը կանգ առնի, այստեղ լինի նորմալ սոցիալ-տնտեսական իրավիճակ, և եթե մենք չբարձրացնենք ծնունդների թվաքանակը, մենք կսկսենք նվազել այդ հետևանքով՝ մահերի ավելացման, ծնունդների պակասի հետևանքով: Մեզ առաջին տարիներին սպասում է ամուսնությունների կտրուկ անկում, ամուսնությունների կտրուկ անկման հետևանքով կտրուկ նվազելու է նաև ծնունդների թվաքանակը»։

2018 թվականի հունիսի դրությամբ ՀՀ մշտական բնակչությունը 2,969 մլն մարդ էր կազմել։