16 հունվարի 2019 - 13:33 AMT
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը՝ Փաշինյանին. Հուսով ենք՝ ՀՀ հետ գործակցությունը կշարունակվի

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ ՀՀ հետ համագործակցությունը կշարունակվի և կակտիվանա:

Վալերի Սեմերիկովի ուղերձում, մասնավորապես, նշված է. «Խնդրում եմ ընդունել ամենաջերմ և անկեղծ շնորհավորանքներս Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Խորհրդարանական վերջին ընտրությունների արդյունքները վերահաստատում են, որ Հայաստանի ժողովուրդը Ձեր կողմից հայտարարված ժողովրդավարական խորը բարեփոխումների ուղղության հետ հույսեր է կապում և պատրաստ է մասնակցել դրա իրականացմանը՝ հանուն սեփական երկրի լավ ապագայի: Վստահ եմ, որ հենվելով այդ աջակցության վրա՝ Ձեր գլխավորած կառավարությունը կհասնի զգալի առաջընթացի ՝ քաղաքական, սոցիալ-տնտեսական և հասարակական կյանքի բոլոր ոլորտներում:

Հույս ունենք շարունակել և ակտիվացնել համագործակցությունը Հայաստանի Հանրապետության հետ ՀԱՊԿ ձևաչափում՝ կազմակերպության հետագա զարգացման և ՀԱՊԿ անդամ-պետությունների անվտանգության ապահովման ներուժի բարձրացման ուղղությամբ՝ միջազգային և տարածաշրջանային անվտանգության մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդելու նպատակով»:

Սեմերիկովը Փաշինյանին մաղթել էքաջառողջություն, բարեկեցություն և մեծ հաջողություններ՝ ի շահ Հայաստանի և նրա ժողովրդի, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակելու մասին Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը:Զասը տեղեկացրել է նախագահին ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հետ իր հանդիպումների մասին: Նա արդեն այցելել է Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան և Ռուսաստան, որոնց ղեկավարները հավանություն են տվել Զասի թեկնածությանը: