16 հունվարի 2019 - 14:27 AMT
ՀՅԴ-ն մտադիր է հաջորդ ընտրություններին «տուն ուղարկել» Փաշինյանի իշախանությանը և դառնալ իշխող ուժ

«Հայ Յեղափոխական Դաշնակցության» (ՀՅԴ) Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը կուսակցության 33-րդ ընդհանուր ժողովի բացման ժամանակ ասել է, որ մտադիր են «հաջորդ ընտրություններին տուն ուղարկել ՀՀ գործող իշխանություններին և ստանձնել երկրի ամբողջական ղեկավարման գործը»:

«Նոր իշխանությունները չեն արտահայտում ժողովրդական շարժման տրամադրությունները և անկարող են լուծել այն խնդիրները, որոնց համար էլ սկիզբ առավ այդ շարժումը: Բայց սա դեռ ամենավտանգավորը չէ: Անփորձությամբ, սխալ կառավարմամբ և անորակ կադրերով իշխանությունները կարող են վատագույն դեպքում երկիրը մի քանի տարով հետ գցել իր բնականոն զարգացումից», - ասել է Մարգարյանը:

Հրանտ Մարգարյանը հայտարարել է, որ չի առաջադրվի ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի պաշտոնում: Նա ասել է, որ որ կուսակցության ներսում ընդդիմություն կա․ այն «ընդհանուր մթնոլորտից ազդված, ունեցավ պահեր, որ մոռացվեցին մեր կարգն ու ավանդույթները»: