22 հունվարի 2019 - 14:18 AMT
Լապշինը մտադիր է պատմել Ադրբեջանի կրակոցների տակ ապրող հայկական գյուղերի մասին

Ադրբեջանական բանտում 7 ամիս անցկացրած հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որը չորրորդ անգամ է Հայաստան այցելում, մտադիր է իր բլոգում պատմել Ադրբեջանի կրակոցների տակ ապրող մարդկանց մասին: Այդ մասին նա ասել է լրագրողների հետ հանդիպմանը՝ հավելելով, որ այս այցը զուտ զբոսաշրջային բնույթ ունի։

Լապշինը ԱԳՆ է դիմել սահմանային գոտի այցելության թույլտվություն ստանալու համար, հայտնում է Panorama.am-ը:

«Ուզում եմ մեքենա վերցնել, շրջել ողջ երկրով, տեսնել այն, ինչը դեռ չեմ հասցրել։ Ես նաև հարցում եմ ուղարկել Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությանը, խնդրել որպեսզի թույլ տան այցելել սահմանային գոտի, որ իմ բլոգում պատմեմ մարդկանց, գյուղերի մասին, որոնք Ադրբեջանի կրակոցների տակ են, մասնավորապես Նոյեմբերյանի շրջան ու մի քանի այլ վայրեր»,- ասել է բլոգերը՝ հույս հայտնելով, որ իրեն թույլ կտան։

Լապշինն ասել է նաև, որ ուզում է լինել նաև Մեղրիում. «Սյունիքում երբեք չեմ եղել»։

Ավելի վաղ Լապշինն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ 2 ամիս կանցկացնի Հայաստանում և բազում ծրագրեր ունի:

2016-ի դեկտեմբերին բլոգեր Ալեքսանդր Լապշինին ձերբակալել են Մինսկում Ադրբեջանի հարցումով, որտեղ նա ընդգրկված է «սև ցուցակում» ԼՂՀ այցելելու համար: ԼՂՀ այցելած անձանց համար մուտքն Ադրբեջան արգելված է: Այնուամենայնիվ, 2015-ի հունիսին Լապշինը մուտք է գործել Ադրբեջան Վրաստանի տարածքից ուկրաինական անձնագրով: Նրան հաջողվել է անցնել սահմանային հսկողությունը և հայտնվել Բաքվում, քանի որ ուկրաինական անձնագրում Ալեքսանդր անունը գրված էր «Օլեքսանդր»: Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի միջազգային հետախուզոմ էր հայտարարել «Պետական սահմանի մասին» օրենքը և երկրի միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՌԴ քաղաքացու արտահանձնումը երրորդ երկիր անթույլատրելի է: ՌԴ-ն ու Իսրայելը դեմ էին բլոգերի արտահանձնմանը, սակայն դիվանագետների ջանքերն արդյունք չտվեցին և փետրվարի 7-ին նա արտահանձնվեց Բաքու:

Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման էր դատապարտել Լապշինին, սակայն 7 ամիս անց արտահանձնեց Իսրայելին: