24 հունվարի 2019 - 10:51 AMT
ՀՀ-ն առաջինը կգնի ռուսական նորագույն «Կալաշնիկովները»

Հայաստանը կլինի առաջին երկիրը, Ռուսաստանից բացի, որը կգնի «Կալաշնիկով» կոնցերնի արտադրության նորագույն ԱԿ-12 ինքնաձիգերը: Այդ մասին հայտարարել է կոնցերնի գործադիր տնօրեն Վլադիմիր Դմիտրիևը «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում:

«Պայմանագիրը ստորագրված է, մենք դեռ պատրաստում ենք ոչ այնքան մեծ խմբաքանակ, մոտ 50 ինքնաձիգ: Նրանք կզննեն, գործի մեջ կփորձարկեն, և, հուսանք, կշարունակեն գնումները», - ասել է Դմիտրիևը:

«Կալաշնիկով» կոնցերնը հրաձգային զենքի, անհատական մարտական միջոցների արտադրության առաջատարն է Ռուսաստանում: Թեև արդեն 5-րդ տարին է, ինչ կոնցերնը գտնվում է ԱՄՆ և եվրոպական պատժամիջոցների ազդեցության տակ, այնուամենայնիվ, շարունակում է մնալ ՌԴ ամենահաջողակ ռազմական ձեռնարկություններից մեկը: