26 հունվարի 2019 - 14:03 AMT
ԶԼՄ. Ցուկերբերգը մտադիր է կապել Instagram-ը, WhatsApp-ն ու Facebook Messenger-ը

Facebook-ի գլխավոր գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը մտադիր է կապակցել Instagram-ը, WhatsApp-ն (պատկանում են Facebook-ին) ու Facebook Messenger-ը, որպեսզի օգտատերերը կարողանան հաղորդագրություններ փոխանակել՝ մի հավելվածից մյուսին չանցնելով: Այդ մասին հայտնում է The New York Times-ը նախագծի 4 մասնակցի վրա հղումով:

Instagram-ը, WhatsApp-ն ու Facebook Messenger-ը կշարունակեն գործել որպես առանձին հավելվածներ, սակայն դրանց օգտատերերն այսուհետ հնարավորություն կստանան շփվելու, պարզաբանել են պարբերականի զրուցակիցները: Օրինակ, Facebook-ի օգտատերը կկարողանա հաղորդագրություն ուղարկել նրան, ով հաշվառված է միայն WhatsApp-ում:

Նշվում է, որ դրա համար Facebook-ը ստիպված է լինելու նույնականացնել Instagram-ի, WhatsApp-ի և Facebook Messenger-ի բազային ենթակառուցվածքները: Ցուկերբերգը հուսով է, որ այդ աշխատանքները կավարտվեն 2019-ի վերջում կամ 2020-ի սկզբին, հայտնում է «Վեդոմոստին»:

Փոփոխություններ կատարելիս հատուկ ուշադրություն է դարձվելու նամակագրության անվտանգությանը: Ցուկերբերգը կարգադրևլ է, որ բոլոր հավելվածները միջանցիկ ծածկագրում ունենան: