11 հուլիսի 2008 - 15:36 AMT
ԱՄՆ-ի հայ համայնքը դժգոհ է սենատորների հարցերին Մարի Յովանովիչի տված պատասխաններից
Սենատոր Բարակ Օբաման ստացել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնի թեկնածու Մարի Յովանովիչի գրավոր պատասխաններն իրեն ուղղված հարցերին: Այդ մասին PanARMENIAN.Net-ին են հաղորդել Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբում (ANCA): «Մենք մտահոգված ենք Մարի Յովանովիչի խուսափողական պատասխաններով, այն փաստով, որ նրա կտրականապես հրաժարվել է որեւէ տրամաբանական կամ ընդունելի հիմնավորումներ ներկայացնել Հայոց ցեղասպանության հարցում ԱՄՆ վարչակազմի սխալ քաղաքականության վերաբերյալ»,-հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Նրա խոսքերով, Ամերիկայի հայ համայնքը երբեք թույլ չի տա, որ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում նշանակվի մի մարդ, որը ժխտում է Հայոց ցեղասպանությունը:

«Մենք վտանգում ենք մեր ազգային հեղինակությունը, երբ պահանջում ենք բարձրաստիճան դիվանագետներից ստել կամ թաքցնել ճշմարտությունը արտաքին քաղաքականության համաձայն: Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը, որի մասին բոլորը գիտեն, թուրքական կառավարության ճնշման հետեւանքն է եւ այն խարխլում է մեր վստահությունը»,-նշել է Արամ Համբարյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 19-ին Սենատի արտաքին գործերի հանձնաժողովում կայացել են Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Մարի Յովանովիչի նշանակման վերաբերյալ լսումների: Լսումների ժամանակ սենատոր Ռոբերտ Մենենդեսը, որը երկու անգամ վետո էր դրել Ռիչարդ Հոգլանդի թեկնածությանը Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար, մանրամասն հարցաքննում էր Յովանովիչին այս պատմական փաստի վերաբերյալ նրա դիրքորոշման մասին, ներկայացնելով Ցեղասպանության շրջանի` 1915թ. Պետդեպարտամենտի պատմական փաստաթղթեր, համեմատելով դրանք նրա հայտարարությունների հետ:

«ԱՄՆ կառավարությունն ու ես ճանաչում ենք Օսմանյան կայրսությունում մեկ ու կես միլիոն հայերի զանգվածային սպանությունների, էթնիկ զտումների եւ բռնագաղթի փաստը: ԱՄՆ-ն ճանաչում է այդ իրադարձությունները որպես 20 դարի մեծագույն ողբերգություն, «Մեծ Եղեռն» կամ Մեծ աղետ, ինչպես դա անվանում են շատ հայեր: Հենց այդ պատճառով է, որ երկրի նախագահը ամեն տարի ապրիլի 24-ին հարգանքի տուրք է մատուցում եւ համերաշխությունն է հայտնում հայերին Հիշատակի այդ օրը»,-հայտարարել է լսումներում Մ.Յովանովիչը:

«Նախագահ Բուշի քաղաքականությունը կայանում է նրանում, որ չօգտագործվի «Ցեղասպանություն» տերմինը: Նախագահի քաղաքականությունն ուղղված է նրան, որ Թուրքիայի քաղաքացիները հաշտվեն իրենց անցյալի ու հայերի հետ: Նա փորձում է աջակցություն գտնել այդ հարցում առաջընթացի հասնելու համար: Նախագահ Բուշը հավատում է, որ զոհերին հարգանքի տուրք մատուցելու լավագույն ձեւը հետեւյալն է` հիշել անցյալը, անել ամեն ինչ, որ այն չկրկնվի, եւ նայել դեպի ապագան, որպեսզի Հայաստանի եւ Թուրքիայի ժողովրդներն ու կառավարությունները հասկանան եւ հաշտվեն միմյանց հետ: Գլխավոր նվաճումը կլինի Հայաստանի մեկուսացման վերացումը տարածաշրջանում, հարաբերությունների նորմալացումը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ եւ սահմանների բացումը»,-ասել է Յովանովիչը: