11 փետրվարի 2019 - 11:23 AMT
Կուարոնի «Ռոման»՝ BAFTA-ի գլխավոր մրցանակակիր

Լոնդոնում տեղի է ունեցել Բրիտանական կինոակադեմիայի (BAFTA) պարգևների մրցանակաբաշխությունը: Տարվա լավագույն ֆիլմ է ճանաչվել Ալֆոնսո Կուարոնի «Ռոման»:

Ֆիլմը նաև պարգևատրվել է լավագույն ռեժիսորական և օպերատորական աշխատանքների համար, ինչպես նաև որպես լավագույն օտարալեզու ֆիլմ: «Ռոման» ավելի վաղ արդեն ստացել էր «Ոսկե գլոբուս» և Վենետիկի փառատոնի գլխավոր մրցանակը:

BAFTA-ի մրցանակների թվով առաջատար է դարձել Յորգոս Լանտիմոսի «Ֆավորիտուհին» ֆիլմը, որը 7 մրցանակի է արժանացել, այդ թվում «Լավագույն բրիտանական ֆիլմ» անվանակարգում, գրում է Meduza-ն:

Լավագույն դերասանուհի է ճանաչվել Օլիվիա Քոլմանը («Ֆավորիտուհին»), իսկ լավագույն դերասան՝ Ռամի Մալեքը («Բոհեմյան ռապսոդիա») ֆիլմում: Երկրոդ պլանի դերերի համար պարգևատրվեկ են Ռեյչել Վայսը («Ֆավորիտուհին») և Մահերշալ Ալին («Կանաչ գիրքը»):

«Ռոման» և «Ֆավորիտուհին» նաև Օսկարի գլխավոր հավակնորդներից են: Ֆիլմերը ներկայացված են 10 անվանակարգում: «Օսկարի» հանձնման արարողությունը կանցկացվի փետրվարի 24-ին: