11 փետրվարի 2019 - 16:05 AMT
Սուրեն Սարգսյան. Ադրբեջանն ԱՄՆ-ից $197 մլն «օդանավեր ու սատելիտներ» է ներմուծել

Ադրբեջանն ԱՄՆ-ից 197 մլն դոլարի «օդանավեր ու սատելիտներ» կատեգորիայի ապրանքատեսակներ է գնել: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:

«Եթե մեր երկրում սա ինչ որ մեկին հետաքրքրում է ասեմ, որ Ադրբեջանը նախորդ նոյեմբերին ԱՄՆ-ից ներմուծել է 197 մլն դոլարի «օդանավեր ու սատելիտներ» կատեգորիայի ապրանքատեսակներ: Նույնն էլ արել էր հոկտեմբեր ամսին: Այսինքն շարունակական գործընթաց է: Բայց քանի որ ոչ մեկին չի հետաքրքրում թե ինչ, ոնց, որտեղից, ումից ու ինչպես, թեման փակում եմ»,-ասվում է նրա գրառման մեջ:

Ավելի վաղ քաղաքագետ Սուրեն Սարգսյան իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր Ադրբեջանի կողմից ուղղաթիռների գնման հարցը, որոնք, թեև քաղաքացիական են համարվում, բայց կարող են օգտագործվել նաև ռազմական նպատակով:

«Ամիսներ առաջ խոսեցի Bell 412 ուղղաթիռների մասին: Մեր հասաարակության մեջ շատերը պնդում էին, որ դրանք քաղաքացիական են և անհանգստանալու առիթ չկա: Հիմա Ադրբեջանն ունի ամբողջությամբ ռազմական MD-530F հարվածային ուղղաթիռներ` Cayuse Warrior: Եթե նախորդ անգամ մեծ աղմուկ անեինք,նման բան չէր լինի: Ինձ համար կարևոր է հասկանալ, արդյոք սա որտեղի՞ց են ձեռք բերել և արդյոք այն վաճառվել է մեր՝ Սիրիա գնալու որոշումից հետո»,-ասվում էր գրառման մեջ:

ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանն, անդրադռանալով Ադրբեջանին ամերիկյան ուղղաթիռների վաճառքի վերաբերյալ տեղեկատվությանը, ասել էր. «Մեզ վստահեցրել են, որ դրանք քաղաքացիական կիրառության ուղղաթիռներ են՝ նախատեսված արտակարգ իրավիճակներում կիրառելու համար և չեն կարող ունենալ ռազմական կիրառելիություն»: