12 փետրվարի 2019 - 14:02 AMT
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ. ՀՀ-ին չվստահելու պատճառ չունենք

Ռուսաստանը միանշանակ չի գնահատում Եվրամիության «Արևելյան գործընկերություն» ծրագիրը, սակայն, այդ ծրագրին մասնակցող Հայաստանին չվստահելու պատճառ չունի: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության համաեվրոպական համագործակցության դեպարտամենտի տնօրեն Անդրեյ Կելինը:

«Մենք ըմբռնումով ենք վերաբերվում ծրագրին մասնակցելու մեր հայ և բելառուս գործընկերների շահագրգռվածությանը, որը նրանք դիտարկում են որպես ԵՄ-ի հետ համագործակցությունը զարգացնելու հնարավորություն, այդ թվում՝ իրենց երկրներում տնտեսության կայուն զարգացման ապահովելու համար: Հայաստանն ու Բելառուսը մեր հուսալի դաշնակիցներն են, մենք հիմք չունենք նրանց չվստահելու», - ասել է Կելինը, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան:

Ըստ Կելինի, որոշ դեպքերում ԵՄ-ն ձգտում է ՌԴ-ին մոտ երկրներին ընտրություն պարտադրել՝ «կամ լինել Ռուսաստանի հետ, կամ Արևմուտքի», ինչի օրինակ կարող է լինել Ուկրաինան: Նա հավելել է, որ Բրյուսելը ձգտում է միայն իրեն վերագրել ԽՍՀՄ նախկին երկրների տնտեսության արդիականացման մենաշնորհը, նրանց բազմաթիվ միակողմանի պարտավորություններով կապելով և անտեսելով եվրասիական ինտեգրման գործընթացները:

Կելինը հավելել է, սակայն, որ ԵՄ գործընկերներն աստիճանաբար արձագանքում են ՌԴ փաստարկներին, սակայն դեռ լուրջ քայլեր չեն կատարում: «ՌԴ-ն իր հերթին ակտիվ աշխատում է «Արևելյան գործընկերության» շտկման ուղղությամբ, իսկ «ներսից» օգնում են նույն Բելառուսն ու Հայաստանը»,-ասել է նա:

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ռուսական «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում ավելի վաղ հայտարարել էր, որ«Արևելյան գործընկերությունը» Հայաստանի համար գործակցության և երկխոսության հարթակ է,նաև ՀՀ համար զարգացման գործընթացի համախմբման մեխանիզմ է և գործիքակազմ: