14 փետրվարի 2019 - 15:47 AMT
Փաշինյանը՝ ՀԱԵ մասին․Պապ թագավորի վրա մատնագրեր էին գրում, բայց կան նրա շնորհիվ

Մարդիկ, ովքեր փորձում են Հայ առաքելական եկեղեցին ինչ-որ բանից պաշտպանեն, պիտի իմանան ՀԱԵ պատմությունը ու որոշ կարևոր դրվագներ։ Այս մասին է հայտարարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության ծրագիրը ներկայացնելու ամփոփիչ ելույթի ժամանակ։

Փաշինյանը հիշատակել է եկեղեցին անընդհատ շոշափվող «ազգային-ապազգային, ազգային եկեղեցի ու ազգային դպրոց» ու այլ թեմաների համատեքստում, նշելով, որ բանավեճում պետք է լուրջ ճշգրտումներ մտցնել։

«Օրինակ, ավանդական մտացողության մեջ Պապ թագավորը ՀԱԵ մեծագույն թշնամիներից մեկն է, բայց մենք ՀԱԵ ունենք Պապ թագավորի շնորհիվ։ Ով ասաց՝ եղբայր, մենք պետություն ենք, կարիք չունենք, որ կաթողիկոսը Կեսարիայում օծվի, մենք ունենք երկիր, ունենք թագավոր, մայրաքաղաք, հոգևոր դաս և մեր կաթողիկոսը պիտի օծվի մեր հայրենիքում։ Եվ դիմադրում էին, մատնագրեր էին գրում Հռոմ՝ Պապ թագավորի վրա, 2 անգամ դավադրություն արեցին։ Մեկին կարեցավ՝ պլստաց, երկրորդին չկարեցավ՝ սպանեցին», - նշել է նա։

Փաշինյանը նշել է, որ հավատացյալ է ու ՀԱԵ հավատարիմ հետևորդ։ «Բայց հիմա, ես կարծում եմ, որ նույն ժամանակներն են նույն պատմական կոնտեքստով, ինչ Պապ թագավորի ժամանակ։ Որն ասում էր՝ «պետք է հարկ վճարել, մեր երկրի տղամարդկանց ու կանանց վանքեր ու կուսանոցներ եք լցրել, տնտեսության համար ո՞վ աշխատի, զինվոր ո՞վ լինի», նրան ասում էին «դավաճան ես, ապազգային ես»․․․․ Մենք էլ ենք ասում՝ հարկ պիտի վճարեք, նեղանում են», - ասել է Փաշինյանը։

«Եվ ես ասում եմ՝ ով ՀԴՄ չի խփում՝ և քաղաքացին, և վաճառողը, մեր բանակի մարտունակությունն է գցում», - շեշտել է Փաշինյանը։

Նա նշել է, որ պետք է հստակեցնել նաև «ազգային դպրոց» ասածը։ «Ո՞րն է ազգային դպրոցը, Սերժ Սարգսյանի դիմանկարը կախում են, դները փակում, որ էրեխեքը և ուսանողները հանկարծ իրենց կարծիքը չկարենա՞ն արտահայտեն։ Ո՞րն է ազգային դպրոցը, որ էսօր մենք խոսում ենք, որ մեր էրեխեքը դպրոցն ու բուհը ավարտում են առանց գիտելիքի՞», - շեշտել է վարչապետը, ընդգծելով, որ 21-րդ դարում այն մարդն, ով առնվազն 2 լեզու չգիտի, բարձրագույն չունի, ուզում է՝ 65 դիպլոմ ունենա։