15 փետրվարի 2019 - 11:06 AMT
Մուկուչյան. Առաջին անգամ ընտրությունները չվիճարկվեցին

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրել է 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում ԿԸՀ զեկույցը:

Նա հայտարարել է, որ նախորդ բոլոր ընտրություններում դատական կարգով վիճարկվել են համապետական ընտրությունների արդյունքները, սակայն այս ընտրություններն այդ առումով բացառություն էին:

«Առաջին անգամ Սահմանադրական դատարան որևէ վիճարկում տեղի չունեցավ: Սա իրականում բավականին մեծ ձեռքբերում է, սա նաև ընտրությունների թափանցիկ ու հրապարակային կազմակերպման արդյունք է», - հայտարարել է Մուկուչյանը:

Ըստ նրա, Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում առաջին անգամ ընտրակաշառքի վերաբերյալ 83 բիլբորդ է տեղադրվել ամբողջ հանրապետության տարածքում, ԿԸՀ պաշտոնական կայքում, ինչպես նաև բոլոր ընտրատեղամասերում փակցվել են պաստառներ:

Ընտրական գործընթացի ժամկետների խախտում տեղի չի ունեցել: Քվեարկությունից առաջ, ինչպես նաև քվեարկության ընթացքում միջազգային ու տեղական բոլոր դիտորդները, լիարժեք հետևել են նախընտրական ու ընտրական գործընթացին:

57 ընտրատեղամասերում վերահաշվարկ է կատարվել և դրանց հիմնական մասում փոփոխություններ չեն գրանցվել: Գործընթացը կազմակերպվել է հրապարակային, մասնակից են եղել դիտորդներ, կուսակցությունների ներկայացուցիչներ:

2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացել են Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները, որում ձայների 71%-ով հաղթել է «Իմ քայլը» դաշինքը: