15 փետրվարի 2019 - 11:54 AMT
Օհանյան․ Մարտի 1-ին բանակը ժողովրդի անվտանգության երաշխավորն է եղել

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, 2008 թ.-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Սեյրան Օհանյանն անդրադարձել է 2008-ի մարտի 1-ին բանակի գործողություններին և 0038 գաղտնի հրամանին:

Ավալի վաղ ՀՔԾ-ն մասամբ հրապարակել էր 0038 գաղտնի հրամանը, որը ստորագրվել էր 2008 թվականի փետրվարին և, այն օրերի ընդդիմության պնդմամբ, բանակը քաղաքական գործընթացներին ներգրավելուն էր ուղղված։ Փաստաթղթով հրամայվում է ԶՈւ ամողջ անձնակազմը տեղափոխել զորանոցային վիճակի մինչև հատուկ հրաման ստանալը։ Հրամանի 3-րդ կետով, որը նախկինում մամուլում չէր հայտնվել, ՊՆ և ԶՈՒ գլխավոր շտաբի վարչությունների պետերին հրամայվում էր ստեղծել բարձր շարժունակության հավաքական ստորաբաժանումներ, որոնք կկարողանան արդյունավետ գործել բարդ իրավիճակներում, hամալրել դրանք առավել պատրաստված, հոգեբանորեն կայուն սպաներով ու ենթասպաներով՝ 100-ական հոգի, զինել հրաձգային զենքերով։

«0038 հրամանը դնել մարտիմեկյան ողբերգության հիմքում ծայրահեղական մոտեցում է և ոչ օբյեկտիվ»,- ասել է նա:

Ըստ Օհանյանի, ԱԱԾ, ոստիկանության և այլոց տվյլներով, կային խմբեր, որոնք սադրելու, զենք հայթայթելու նպատակով պատրաստվում էին հարձակվել տարբեր զորամասերի վրա։ «Այն հույժ գաղտնի հրաման էր ոչ թե ինչ-որ բան թաքցնելու նպատակով, այլ որովհետև բանակում այդպես ընդունված է։ Հրամանը գրավոր է գրված, այսինքն՝ ոչ մեկից չէինք կարող թաքցնել», - ասել է նա, նշելով, որ այն հասցված էր մոտ 1000 հոգու։ «Եթե նպատակ լիներ ոչնչացնելու, 10 տարում այն կոչնչացվեր», - շեշտել է նա։

Սեյրան Օհանյանը նաև համոզմունք է հայտնել, որ այն օրերի պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մանրակրկիտ չի տեղեկացրել 0038 հրամանի մասին։

Օհանյանը, Միքայել Հարությունյանը, Քոչարյանը ու ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը մեղադրյալներ են Մարտի 1-ի գործով։