15 փետրվարի 2019 - 11:54 AMT
Փաշինյան. Ձեռքի տակ շատ ներդրումային ծրագրեր ունենք, իրատեսականները ֆիլտրելու մեխանիզմ ենք մշակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության փետրվարի 15-ի նիստում հանձնարարել է վերանայել մինչև այժմ ներկայացված բոլոր ներդրումային առաջարկները, գույքագրել դրանցից յուրաքանչյուրի ընթացքը, բացահայտել խնդիրները, կենտրոնացնել ամբողջ տեղեկատվությունը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում:

Նա ասել է, որ կառավարության ձեռքի տակ կան բազմաթիվ ներդրումային ծրագրեր:

«Այդ ներդրումային ծրագրերի մի մասը իրականանալի է, մի մասն անլուրջ է, մի մասը պետք է վերանայվի: Իմ խնդրանքն է, որ ամբողջ տեղեկատվությունը ներդրումային բանակցությունների վերաբերյալ կենտրոնանա մեկ գերատեսչությունում», - ասել է վարչապետը:

Փաշինյանը հայտնել է, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի առաջարկով հնարավոր ներդրողների հետ գործակցությունն ավելի արդյունավետ կազմակերպելու համար ֆիլտրող մեխանիզմ է մշակվել:

«Այս ընթացքում գալիս են տարբեր ներդրողներ, երբեմն լինում է, որ մենք ոչ լուրջ խոսակցության վրա ժամանակ ենք ծախսում: Սրանից խուսափելու համար ֆիլտր ենք մշակել՝ առաջարկվում է բանակցել ներդրումային առաջարկներ ներկայացնող միայն այն անձանց հետ, որոնք բանկերից կներկայացնեն տեղեկանք, որը ցույց կտա նրանց բանկային պատմությունը. դա շատ կարևոր է նրանց ներդրումային պոտենցիալը հասկանալու համար», - ասել է Փաշինյանը՝ հանձնարարելով ժամանակ չծախսել այնպիսի ներդրողների վրա, որոնք այսպիսի հավաստիացումներ չեն ունենա:

Ընթերցեք նաև՝ «Վարչապետի 15 հանձնարարականը՝ տնտեսական հեղափոխության մեկնարկին»: