15 փետրվարի 2019 - 18:13 AMT
Երևանում 50 աշխատատեղով և 130 սենյակով հյուրանոց է բացվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել աշխարհահռչակ IHG հյուրանոցային ցանցի «Հոլիդեյ Ինն Էքսպրես» հյուրանոցի բացման արարողությանը, հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ներդրումային ծրագիրն իրականացրել է «Հարմոնի Ինթերնեյշընալ» ՍՊԸ-ի հիմնադիր/նախագահ Ղուկաս Գրիգորյանը: Հյուրանոցի կառուցման աշխատանքները տևել են երեք տարի, կատարվել է մեկ տասնյակ մլն դոլարի ներդրում, ստեղծվել է 50 նոր աշխատատեղ:

Կառավարության ղեկավարը շրջել է հյուրանոցում, ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Նիկոլ Փաշինյանը ողջունել է ներդրումային ծրագրի իրականացումը և ընդհանրապես Հայաստանում նոր հյուրանոցների կառուցման նախաձեռնությունները, որոնք զբոսաշրջիկներին կմատուցեն բարձրակարգ ծառայություններ և հարմարավետ պայմաններ:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն իր հերթին տեղեկացրել է, որ 2018 թվականին Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը հասել է 1.6 մլն-ի և գործադիրի նպատակն է այդ ոլորտում տարեկան ապահովել 7-10 տոկոս աճ:

«Հոլիդեյ Ինն Էքսպրես» հյուրանոցում առկա է 130 սենյակ, ինչպես նաև կահավորված հանդիպումների սրահ։ Նախասրահը հագեցած է համակարգիչներով, հարմարավետ նստատեղերով, լիցքավորող սարքերով և գերարագ Wi-Fi ինտերնետով:

Այնուհետև կառավարության ղեկավարը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ուղեկցությամբ շրջել է Երևանի Գլխավոր պողոտայի այգում՝ ծանոթացել այստեղ կատարվա վերակառուցման աշխատանքներին: