16 փետրվարի 2019 - 16:13 AMT
Նախագահական․ Արմեն Սարգսյանը չի գործակցում որևէ կուսակցության հետ

Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտարարել է, որ նախագահ Արմեն Սարգսյանը չի գործակցում որևէ կուսակցության հետ։

Ավելի վաղ հայաստանյան լրատվամիջոցներից մեկը գրել էր Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և նրա գործունեության վերաբերյալ, մասնավորապես նշելով, թե իբր նա Հայաստանի քաղաքական դաշտում իր հետաքրքրություններն ունի և գործակցում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության հետ։

«Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը լիազորված է հայտարարել, որ տարածված տեղեկատվությունը մտացածին է և չի համապատասխանում իրականությանը: նՆախագահ Արմեն Սարգսյանը կուսակցական չէ, չունի որևէ հետաքրքրություն քաղաքական դաշտում և չի համագործակցում որևէ կուսակցության հետ», - նշված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ նախագահն իր լիազորությունների շրջանակում, անհրաժեշտության դեպքում, հանդիպում և շարունակելու է հանդիպել խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ: Մասնավորապես՝ 2018-ի հոկտեմբերին նախագահ Սարգսյանը նախաձեռնել և անցկացրել էր խորհրդակցությունների շարք Ազգային ժողովի խմբակցությունների հետ, իսկ վերջերս հանդիպել էր ՀՅԴ նորընտիր Բյուրոյի ներկայացուցիչների հետ:

«Այդ և նմանատիպ հանդիպումների մասին տրվել է և կտրվի համապատասխան տեղեկատվություն: Հորդորում ենք մեր գործընկերներին՝ զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելու հետևողական գործողություններից», - նշված է հայտարարության մեջ: