20 փետրվարի 2019 - 11:02 AMT
Սահակյան. 1988-ի փետրվարի 20-ին արցախցին դուրս եկավ հրապարակ՝ իր իրավունքները պաշտպանելու

1988-ի փետրվարի 20-նԱրցախի ժողովրդի համար պատմական օր էր, որը դարձավ տասնամյակներ շարունակ կուտակված դժգոհությունների ու բողոքի պոռթկումը, անարդարության, ճնշումների ու բռնությունների դեմ երկար տարիներ խմորվող պայքարի կիզակետը: Այդ մասին ասվում է Արցախի վերածննդի օրվա առթիվ Արցախի նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձում:

«Այդպես շարունակվել այլևս չէր կարող: Արցախցին դուրս եկավ հրապարակ՝ հանուն սեփական իրավունքների պաշտպանության, հանուն սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու, հանուն սեփական հողում ազատ ապրելու և հայ մնալու:

Հետագա զարգացումներն ապացուցեցին, որ մեր ընտրած ուղին ճիշտ էր: Բաքվի ու Սումգայիթի հայ բնակչության կոտորածները վերջնականապես ցույց տվեցին բռնատիրական Ադրբեջանի իրական դեմքն ու նպատակները, բացահայտեցին արցախահայությանը բնաջնջելու նրա հրեշավոր ծրագրերը»,-ասվում է ուղերձում, հայտնում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Ուղերձում նշվում է նաև, որ հայ ժողովուրդը միավորվեց, մեկ մարդու պես զենք վերցրեց և պարտադրված պատերազմում պաշտպանեց իր հողն ու պատմությունը, իր հավատքն ու արժանապատվությունը՝ կանխելով երկրորդ Ցեղասպանությունը և կերտելով փառավոր հաղթանակներ:

«Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի վերածնունդը համայն հայության ամենանշանակալի հաղթանակներից է: Դա համազգային կամքի ու ոգու, ուժի ու միասնականության հաղթանակն է, հայրենիքին անսահման նվիրվածության և սեփական ուժերի հանդեպ հավատի հաղթանակը: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս այս հիշարժան տոնի կապակցությամբ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք:

Հավե՜րժ փառք նրանց, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին՝ հանուն մեր ժողովրդի նվիրական իղձերի ու նպատակների, հանուն վեհ գաղափարների իրականացման»,-ասվում է Սահակյանի ուղերձում:

1988-ի փետրվարի 20-ին ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում կայացրեց՝ դիմելով Ադրբեջանի Գերագույն խորհրդին, նրա կազմից դուրս գալու մասին, և Հայաստանի Գերագույն խորհրդին՝ իր կազմում ընդգրկելու վերաբերյալ, իսկ ԽՍՀՄ-ին՝ այդ խնդրանքը բավարարելու կոչով, և հիմնված էր ԽՍՀՄ նման տիպի վիճահարույց հարցերի լուծման համար նախատեսված բոլոր իրավական նորմերի ու նախադեպերի վրա:

1988-ի փետրվարի 20-ին ղարաբաղյան ազգային ազատագրական շարժումը Արցախից հասավ Երևան. Թատերական հրապարակում հազարավոր մարդկանց մասնակցությամբ տեղի ունեցավ առաջին հանրահավաքը: Այն դարձավ Արցախյան շարժման հավաքների վայրը՝ հետագայում անվանափոխվելով Ազատության հրապարակի։