20 փետրվարի 2019 - 13:30 AMT
Բաբաջանյանն առաջարկում է պատգամավորների գործուղել Սիրիա

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արման Բաբաջանյանն առաջարկում է պատգամավորական խումբ գործուղել Սիրիա։ Այդ մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

«Փետրվարի 8-ից հայկական հումանիտար առաքելությունը գտնվում է Սիրիայի Արաբական Հանրապետությունում։ Հայաստանի կողմից Սիրիա առաքելություն ուղարկելու քայլն արժանացավ հակասական, իրարամերժ գնահատականների՝ ներառելով արտաքին քաղաքական ամենատարբեր շերտեր։ Այդ գնահատականների, հայտարարությունների ու կարծիքների հորձանուտում երկրորդական պլան մղվեցին բուն առաքելության ներկայացուցիչների՝ խմբի 83 անդամի անվտանգությանն առնչվող հարցերը։ Դրան զուգահեռ մենք ունենք նաև սիրիահայ համայնքի անվտանգության խնդիրները, որոնք առկա էին ինչպես առաքելության ուղարկումից առաջ, այնպես էլ այսօր։

Այս խնդիրներով պայմանավորված՝ ես, որպես ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, առաջարկում եմ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների և պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամներից ձևավորել պատգամավորական խումբ՝ Սիրիա մեկնելու, մեր առաքելության անդամներին հանդիպելու և տեղում նրանց խնդիրներին ծանոթանալու նպատակով»,-ասվում է գրառման մեջ։

Արման Բաբաջանյանը հավելել է նաև, որ իր առաջարկը պահանջվող ընթացակարգերով հասցեագրելու է նաև ԱԺ նախագահին և համապատասխան հանձնաժողովներին։

Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով փետրվարի 8-ին, հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր՝ 83 անձ) ժամանել է Սիրիա, Հալեպ: