20 փետրվարի 2019 - 17:01 AMT
Սիմոնյան. Օրհներգի տեքստի համար մրցույթին մասնակցելու հայտեր են ընդունվում

ՀՀ նոր օրհներգի համար տեքստի մրցույթ է հայտարարվել: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

«Արամ Խաչատրյանի երաժշտության հիման վրա հիմնի համար տեքստի մրցույթին մասնակցելու հայտեր կարող եք ուղարկել նշված հասցեներով՝ Բաղրամայն 19՝ ԱԺ Ա․Սիմոնյանի գրասենակ, Զարոբյան 3՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարան nororhnerg@gmail.com»,-ասվում է գրառման մեջ:

Սիմոնյանը հրապարակել է նաև աշխատանքային խմբի կազմը՝ Դանիել Երաժիշտ (дիրիժոր, երաժշտագետ), Տեր Ասողիկ (հոգևորական, Մայր Աթոռ), Արամ Սաթյան (Կոմպոզիտորների միության նախագահ), Ալեն Սիմոնյան (ԱԺ նախագահի տեղակալ), Էդվարդ Միլիտոնյան (Գրողների միության նախագահ), Նիկոլայ Կոստանյան (Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն), Արմինե Գրիգորյան (Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն), Հենրիկ Հովհաննիսյան (ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, դոկտոր, պրոֆեսոր), Ֆելիքս Բախչինյան (գրականագետ), Դավիթ Գյուրջինյան (Լեզվի պետական կոմիտեի նախագահ):

Նշվում է նաև, որ աշխատանքային խմբի կազմը համալրվում է:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը մտադիր է նախաձեռնությամբ հանդես գալ՝ ՀՀ օրհներգը փոխելու և Արամ Խաչատրյանի գրած օրհներգին վերադառնալու վերաբերյալ:Նա հավելել է, որ Արամ Խաչատրյանինը իդեալական երաժշտություն է: Ըստ նրա, ընդդիմախոսների այն հակափաստարկը, թե դա խորհրդային Հայաստանի օրհներգն է, անընդունելի է, որովհետև երաժշտությունն արվեստ է, «չի կարող լինել խորհրդային, բուրժուական, թագավորական»:

Արամ Խաչատրյանը ՀԽՍՀ օրհներգի երաժշտության հեղինակն է, որը գրվել է 1944-ին: Խաչատրյանը հիմնի համար օգտագործել է Գայանեի III գործողության (1942) հերոսական հատվածներից մեկի երաժշտությունը։