20 փետրվարի 2019 - 17:25 AMT
Փաշինյան. ՀՀ կառավարությունը մարդու իրավունքների համար պայքարողների դաշնակիցն է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխության ժամանակ հայտարարել է, որ ՀՀ կառավարությունը մարդու իրավունքների համար պայքարողների դաշնակիցն է:

«ՀՀ-ում կառավարությունը ոչ թե մարդու իրավունքների խախտումները թույլ տվողների դաշնակիցն է, այլ նրանց, ովքեր պայքարում են այդ իրավունքների համար որևէ ոլորտում», - ասել է վարչապետը, հայտնում է Aysor.am-ը։

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ կարևոր է արձանագրել, որ մարդը, իսկապես, բարձրագույն արժեք է Հայաստանի Հանրապետությունում:

Վարչապետը հավելել է նաև, որ Հայաստանի համար կարևոր շրջափուլ է և այդ կարևորությունն ընդգծվում է նրանով, որ «մի ոլորտի խնդիրը, երբ 25 տարի հնարավոր չէր լինում լուծել, ի վերջո, այսօր ստացել է իր լուծումը»:

«Այն փաստը որ ՀՀ-ում տեղի են ունում ընտրություններ, որոնց պաշտոնական արդյունքները չեն վիճարկվում, սա, իսկապես, շրջադարձային իրադարձություն է», - ասել է նա: