21 փետրվարի 2019 - 12:26 AMT
«Իմ քայլը» բյուջեից 78 մլն դրամ կստանա, ՀՀԿ-ն՝ 5.2 մլն

Կառավարության նիստում որոշվել է աջակցություն ցուցաբերել ՀՀ ԱԺ ընտրություններում 3%-ի շեմը հաղթահարած կուսակցություններին և դաշինքներին:

«Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքով այդ կուսակցությունները պետական ֆինանսավորում կստանան 5 տարի:

2018-ի դեկտեմբերի 9-ի ԱԺ ընտրություններին մասնակցած 11 ուժից 5-ն է հաղթահարել օրենքով սահմանված շեմը. Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հավաքել է 4.7%, իսկ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը՝ 3.89%, «Լուսավոր Հայաստանը»՝ 6.37%, «Իմ քայլը» դաշինքը՝ 70.43 %, «Բարգավաճ Հայաստանը»՝ 8.27%, որոնք կստանան ֆինանսական աջակցություն:

«Իմ քայլը» դաշինքը կստանա 78 միլիոն դրամ, ԲՀԿ-ն՝ 9.1 միլիոն դրամ, «Լուսավոր Հայաստանը»՝ 7 միլիոն դրամ, ՀՀԿ-ն՝ 5.2 միլիոն դրամ, ՀՅԴ-ն՝ 4.3 միլիոն դրամ։

Պետական բյուջեով նախատեսված` կուսակցությունների ֆինանսավորման միջոցների ընդհանուր ծավալը չի կարող պակաս լինել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի 0,04-ապատիկի և Ազգային ժողովի վերջին ընտրությունների ժամանակ ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների ընդհանուր թվի արտադրյալից: Միջոցները բաշխվում են Ազգային ժողովի վերջին ընտրություններում ուժերի ստացած ձայներին համամասնորեն։