21 փետրվարի 2019 - 12:29 AMT
Գործադիրը մերժել է արհմիությունների մասին ԲՀԿ-ականների նախագիծը

ՀՀ կառավարության փետրվարի 21-ի նիստում մերժվել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մի խումբ պատգամավորների օրենսդրական նախաձեռնությանը՝ «Արհեստակցական միությունների մասին» օրենքում փոփոխությունների վերաբերյալ:

Նախաձեռնության հեղինակները նշել էին, որ գործող օրենքով արհեստակցական կազմակերպությունը հիմնադրվում է նրա հիմնադիրների (առնվազն 3 աշխատողի) նախաձեռնությամբ հրավիրված հիմնադիր ժողովի (համաժողովի, համագումարի) որոշմամբ: Որպես կանոն, արհեստակցական միությունները ստեղծվում են տվյալ գործատուի մոտ աշխատող անձանց կողմից: Որպես արհմիության անդամ, բայց նաև որպես գործատուի աշխատող, արհեստակցական միության ընտրովի պաշտոններում ընդգրկված անձինք, փաստորեն, կաշկանդված են լինում գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների փաստով:

Փորձը ցույց է տալիս, որ գործատուի մոտ գործող արհմիությունները գրեթե միշտ ձեռնպահ են մնում աշխատողների շահերի պաշտպանության համար դատարան դիմելուց:

Նախագծով առաջարկվում է սահմանել անկախ արհմիություն ստեղծելու և դրան անդամակցելու հնարավորություն, ինչը հասանելի լինի տարբեր գործատուների մոտ աշխատող ամենատարբեր մասնագիտություններ ունեցողների համար:

Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշել է, որ կառավարությունն առաջարկում է ներկայացված օրենքի նախագծի 1-ին հոդվածով քննարկվող գործող օրենքի 6-րդ հոդվածը թողնել անփոփոխ հետևյալ հիմնավորմամբ.

Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող կարգավորմանը համանման կարգավորում «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքում արդեն իսկ առկա է: Մասնավորապես, Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն՝ արհեստակցական կազմակերպության մասնակիցներ (անդամներ) կարող են լինել նաեւ տնտեսության (արտադրության, ծառայության, մասնագիտության) համապատասխան ճյուղում (հարակից ճյուղերում) տարբեր գործատուների հետ աշխատանքային պայմանագիր կնքած աշխատողները:

Այսինքն՝ ըստ նախարարի, օրենքի գործող դրույթը ներկա պահին էլ տարբեր գործատուների հետ աշխատանքային պայմանագիր կնքած աշխատողներին հնարավորություն տալիս է ստեղծել անկախ արհմիություն, որը որեւէ կերպ կախված չէ այս կամ այն գործատուից:

Այս պարագայում, Օրենքի գործող դրույթը, որպես տարբեր գործատուների հետ աշխատանքային պայմանագիր կնքած աշխատողներին միևնույն արհեստակցական կազմակերպության մասնակից (անդամ) դառնալու անհրաժեշտ պայման, սահմանում է միայն տնտեսության (արտադրության, ծառայության, մասնագիտության) համապատասխան ճյուղում աշխատելը:

Մինչդեռ, նախագծի ընդունման պարագայում կստացվի, որ ոչ միայն համապատասխան ճյուղի տարբեր գործատուների հետ աշխատանքային պայմանագիր կնքած աշխատողները կկարողանան միավորվել եւ ստեղծել արհեստակցական կազմակերպություն, այլեւ տարբեր ճյուղերի տարբեր գործատուների հետ աշխատանքային պայմանագիր կնքած աշխատողները:

Այս առումով հարկ է նկատել, որ տնտեսության տարբեր ճյուղերում աշխատողներն ունեն մասնագիտական եւ աշխատանքային տարբեր առանձնահատկություններ: Հետեւաբար, տնտեսության տարբեր ճյուղերի գործատուների մոտ տարբեր մասնագիտություններ ունեցող աշխատողների միավորումը մեկ արհեստակցական կազմակերպությունում կարող է հանգեցնել այդ արհմիության անդամների շահերի բախման՝ չնպաստելով աշխատողների իրավունքների եւ շահերի արդյունավետ պաշտպանությանը:

«Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող կարգավորումը, ըստ էության, կարող է հանգեցնել նաեւ ճյուղային արհեստակցական միությունների դերի ու նշանակության թուլացման՝ պայմանավորված այն հանգամանքով, որ նախագծի ընդունման պարագայում, անկախ այն հանգամանքից, թե որ ճյուղում գործունեություն իրականացնող գործատուի աշխատողներ են, վերջիններս կարող են միավորվել եւ ստեղծել արհեստակցական միություն:

Հարկ ենք համարում նաեւ տեղեկացնել, որ նախագիծը ներկայացվել է կառավա-րության սոցիալական գործընկեր Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի (այսուհետ՝ ՀԱՄԿ) կարծիքին: Վերջինս գրությամբ տեղեկացրել է, որ նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող կարգավորումը իրենց կողմից ընդունելի չէ:

Ամփոփելով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ Օրենքի գործող դրույթը արհեստակցական կազմակերպության գործունեության նպատակի եւ աշխատողների իրավունքների ու շահերի ներկայացման տեսանկյունից սահմանում է առավել արդյունավետ եւ համակարգային կարգավորում»,- ասված է կառավարության հիմնավորման մեջ: