21 փետրվարի 2019 - 13:18 AMT
Չարորակ հիվանդություններն անվճար վիրահատող ԲԿ-ների ցանկը հայտնի է

Չարորակ հիվանդությունների անվճար վիրահատություններ իրականցնող ԲԿ-ների ցանկը հստակեցվել է: Բժշկական կազմակերպությունների հետ կնքվել են պայմանագրեր չարորակ հիվանդությունների վիրահատական բուժումն անվճար կազմակերպելու համար:

Ավելի վաղ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ չարորակ հիվանդությունների վիրահատական բոժումն ամբողջ բնակչության համար կլինի անվճար, քանի որ հանվել է համավճարային եղանակով փոխհատուցվող ծառայությունների ցանկից:

Գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ էին որոշակի փաստաթղթային ձևակերպումներ, ինչն արդեն իրականություն է, հայտնում է առողջապահության նախարարությունը:

Այսուհետև չարորակ հիվանդությունների պետական պատվերի շրջանակներում անվճար վիրահատությունների համար քաղաքացիները` ըստ բժշկական ցուցումների, կարող են դիմել հետևյալ բժշկական կազմակերպություններ` Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոն, «Նաիրի» ԲԿ, «Արթմեդ» ԲՎԿ ՓԲԸ, Նատալի-Ֆարմ ՍՊԸ Աստղիկ ԲԿ, «Շենգավիթ» բժշկական կենտրոն, Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ ՓԲԸ, Գյումրու ուռուցքաբանական դիսպանսեր, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ՓԲԸ, Վանաձորի ԲԿ:

Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ չարորակ հիվանդությունների վիրահատական բուժման համար քաղաքացիներն այսուհետ գումար չեն վճարի․ փոխերենը պետությունը գումարը մի շարք բուժհիմնարկներում կվճարի ամբողջությամբ: 2019 թվականին պետությունը այդպիսի վիրահատությունների համար նախատեսում է հատկացնել 1․8 մլրդ դրամ։

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության հունվարի 24-ի նիստում հայտարարել է, որ մտադիր են առաջիկա տարիներին անվճար դարձնել նաև քիմիաթերապիան և ճառագայթային թերապիան։