21 փետրվարի 2019 - 14:03 AMT
Աջ ղեկով մեքենաները ՀՀ կներմուծվեն մինչև մայիսի 1-ը. Վարչապետն ասել է՝ թեմային այլևս չեն անդրադառնալու

ՀՀ կառավարության փետրվարի 21-ի նիստում ընդունվել է «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» օրենքում փոփոխության նախագիծը, որով թույլ կտրվի մինչև մայիսի 1-ը ՀՀ տարածք ներմուծել մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը գնված աջ ղեկով մեքենաները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է, որ այս խմբաքանակի ներմուծումից հետո աջակողմյան ղեկով մեքենաների ներմուծման հարցին այլևս չեն անդրադառնալու:

«Պայմանը մեկն է, որ այս թեմային այլևս երբեք չենք անդրադառնալու», - ասել է նա:

ՀՀ տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի նախարար Հակոբ Արշակյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ որոշումը վերաբերում է բացառապես այն մեքենաներին, որոնք գնվել են մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը, իսկ այս ընթացիկ տարում գնված մեքենաներն արգելվում է ներմուծել: