6 մարտի 2019 - 15:03 AMT
ԱՄՆ-ն կարող է սահմանափակել ռազմական գործակցությունը Թուրքիայի հետ

ԱՄՆ-ն կարող է հրաժարվել Թուրքիային F-35 կործանիչների առաքումից, եթե ՆԱՏՕ-ի գծով իրենց դաշնակիցը գնի ռուսական արտադրության Ս-400 հակահրթիռային պաշտպանության համակարգերը: Այդ մասին լրագրողներին է հայտնել գեներալ Քերտիս Սկապարոտտին, որը Եվրոպայում ԱՄՆ զորքերի և Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարն է:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ չի հրաժարվի ռուսական համակարգեր գնելուց, չնայած, որ Ս-400-ը համատեղելի չէ հակաօդային պաշտպանության համակարգերի հետ, որոնք կիրառում է ՆԱՏՕ-ն:

«Ես պնդում եմ, որ մենք հրաժարվենք F-35 կործանիչների գործարքից և դաշնակցի հետ համատեղ աշխատանքից, որն աշխատում է ռուսական համակարգերի հետ»,-ասել է Սկապարոտտին ԱՄՆ Սենատի զինված ուժերի կոմիտեի նիստի ժամանակ, գրում է Deutsche Welle-ն:

2019-ի փետրվարին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ռուսական Ս-400 համակարգերի գնումը «արդեն կայացած գործարք է»: Թուրքիայի նախագահ Էրդողանն իր հերթին նշել է, որ Անկարան պատրաստ է պարզաբանել իր դիրքորոշումը ԱՄՆ Կոնգրեսում և հույս էր հայտնել, որ Վաշինգտոնը կհրաժարվի իր կոշտ դիրքորոշումից: